Փաշինյանը Գերմանիայի կանցլերին կոչ է արել տարածաշրջանում Թուրքիայի ներգրավվածությունը բացառել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում:
Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար:
Գերմանիայի կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով:Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: