06 / Հոկտեմբեր / 2020 : 12-31

ՍՁԷԶ ծրագիրը Green Lane–ի հետ համատեղ իրականացրել է «Կանաչ շաբաթ» խորագրով միջոցառումը

Վերջին տարիներին Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում առաջ եկած բնապահպանական լուրջ խնդիրները գրավել են մի շարք կազմակերպությունների և անհատ խմբավորումների ուշադրությունը, որոնք գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը՝ կանխելու տարածաշրջանի բնապահպանական աղետը՝ այդպիսով զգալի լումա ներդնելով մոլորակի կանաչ ապագայի կերտման գործում։

 Այդպիսի նախաձեռնություն է նաև սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (ՍՁԷԶ) ծրագիրը, որի բազմաթիվ կարևոր առաքելություններից մեկն էլ էկոհամակարգի պահանմանն ուղղված աշխատանքների համակարգումն ու իրականցումն է։ Սեպտեմբերի 21-25-ն ընկած ժամանակահատվաում ծրագիրը Green Lane-ի հետ համատեղ իրականացրեց «Կանաչ շաբաթ» խորագրով միջոցառումը։

Միջոցառումն իրենից ներկայացնում էր օրական չորս սեմինար-դասընթացից կազմված դասախոսությունների շարք, որի գլխավոր նպատակը թիրախ ընտրված տարածաշրջանի երիտասարդներին ներգրավելն էր բնապահպանական աշխատանքներում և համախմբելը ընդհանուր բնապահպանական գաղփարի շուրջ։ Նշված սեմինար դասընթացների թեմաներն էին՝ Կայուն գյուղատնտեսություն, Բարձրարժեք գյուղատնտեսություն, Միջավայր, կանայք և քաղաքականություն, Կանաչ ուսուցման կենտրոնը որպես կանաչ գյուղատնտեսության մոդել, Գյուղատնտեսական և կենցաղային թափոնների կառավարում, ՀՀ-ում առկա կանաչ տեխնոլոգիաներ և գործիքներ, Օրգանական մթերքների վերամշակում, Ագրոտուրիզմի զարգացումը COVID 19-ի ընթացքում, Կայուն զարգացում սոցիալական ձեռներեցության միջոցով, Շրջակա միջավայրի կառավարման հաջողված փորձը անասնապահության ոլորտում, Օրգանական սնունդ և առողջ ապրելակերպ:

«Կանաչ շաբաթվա» ընթացքում միջոցառման մասնակիցները մանրամասն ծանոթացան բնապահպանական խնդիրներին, դրանց դասակարգմանը, պատճառներին և կանխարգելման միջոցներին։ Միաժամանակ նրանք սովորեցին բնապահպանական ծրագրեր կազմել և ինչպես դիմել՝ դրամաշնորհներ ստանալու համար։ Քննարկվեցին դրամաշնորհի արդյունքում ստացված գումարը տնօրինելու առավել արդյունավետ տարբերակները։

Ծրագրի կազմակերպիչները դիմել էին նաև տեղական և արտերկրյա բազմաթիվ կառույցների՝ սեփական նախաձեռնությամբ հանդես գալու «Կանաչ շաբաթվա» ընթացքում, քանի որ այդ գաղափարը տարածված է աշխարհի շատ երկրներում և փորձը դրական Է, օրինակ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իրաքում, Ռուսաստանում և այլուր։

 Ծրագրի ավարտին ամփոփվեց ամբողջ միջոցառումը, որի ժամանակ մասնակիցները և այլ շահագրգիռ անհատներ կամավորության սկզբունքով, անվճար, կազմակերպության  միջոցներով տեղափոխվեցին մայրաքաղաք Երևան և մասնակցեցին ավելի խորացված, ընդարձակ թեմաներով դասընթացների։ «Կանաչ շաբաթը» ծրագրի միակ նախաձեռնությունը չէր։

 Նախկինում նույնպես եղել են նման միջոցառումներ, որոնք զգալի մեծ արդյունք են տվել թե՛ երիտասարդների զարգացվածության, թե՛ բնապահպանության առումով։

Շատ հատկանշական էր այն, որ կազմակերպիչները դպրոցականների հետ աշխատելիս հանդես էին գալիս ոչ միայն սեփական նախաձեռնությամբ ու գաղափարներով, այլև լսում էին հենց երեխաների առաջարկները՝ այդպիսով խթանելով նրանց ինքնուրույն մտածողությունն ու խնդիրը մատնանշելուց բացի դրա համար լուծման տարբերակներ  առաջարկելը նմանապես։ Այդ միտումով կազմակերպվել էր մրցույթ, որի մասնակից երեխաները տեսահոլովակների միջոցով վերհանել են իրենց համայնքներում առկա որևէ խնդիր և լուծման ուղիներ առաջարկել դրանց համար։

Մինչ ծրագիրն սկսելը երիտասարդները հանդիպել են Ղազախստանից ժամանած կինոռեժիսոր Ռուբեն Ղազարյանին, ով մասնագիտական խորհուրդներ էր տվել նրանց՝ խնդրին ճիշտ կողմից մոտենալու և հարցը տեղին արծածրելու համար։ Կազմակերպվեց նաև բնապահպանական մեկ այլ մրցույթ, որի ժամանակ խմբերը փորձեցին ներկայացնել իրենց գաղափարները՝ ինչպես կարելի է մարդուց փրկել մարդուն այդքան անհրաժեշտ Երկիր մոլորակը։ Ծրագրի մոտ 80 մասնակիցներից 15 հաղթող են ճանաչվել և ստացել հնարավորություն՝ մայրաքաղաքում մասնակցելու հատուկ  դասընթացների․ արժանացել են նաև էկոնվերների։

Նշենք, որ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը Եվրոպական միության աջակցությամբ իրականացնում է CENN (Կովկասի բնապահպանական ցանց ՀԿ) կազմակերպությունը (Վրաստան)՝ Կանաչ արահետ հասարակական կազմակերպության (Հայաստան) հետ համատեղ։

 

Դիտվել է 4518անգամ
Վերջին լուրեր