Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը․ հայտարարություն
Ի պատասխան մամուլի ներկայացուցիչների հարցումներին հայտարարում ենք, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը եւ չի նախատեսում լքել այն: Այս մասին հայտարարություն է տարածել Beeline ընկերությունը:
«Հայաստանում Beeline-ը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականություններն հաճախորդների եւ շահակիրների առջեւ»,-ասված է հայտարարությունում:
Նշենք, որ նախօրեին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել: Նրանց շարքում են նաեւ Ալեքսանդր և Հայկ Եսայանները։ Եղբայրները «Յուքոմի» հիմնադիրներից են։
Որպես պատճառ նշվում է, որ որ Ucom-ի սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական Ucom ընկերությունն ավելի վաղ հաստատել էր կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հայաստանյան բիզնեսը՝ Beeline-ը գնելու շուրջ քննարկումների փաստը:
Հայտ է ներկայացվել ՏՄՊՊՀ, սակայն «Բիլայն»-«Յուքոմ» միավորման գործարքը դեռևս տեղի չի ունեցել, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված ՏՄՊՊՀ-ն մարտի 19-ին իր ձեռքի տակ եղած վարույթների ժամկետները ժամանակավորապես կասեցրել է: Դրանց թվում կասեցրել է նաեւ «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ի 2019-ի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը: