20 / Հոկտեմբեր / 2020 : 14-01

Երախտագիտություն եմ հայտնում Կանադայի կառավարությանը Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագրից զրկելու որոշման համար. նախագահի ուղերձը Կանադայի գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Կանադայի միջև փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Նա անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված հարձակմամբ պատերազմական գործողությունների վերսկսմանը՝ մասնավորապես նշելով. «Ինչպես գիտեք, Արցախի Հանրապետությունը ենթարկվեց Ադրբեջանի աննախադեպ ծավալի, դաժան ու անմարդկային հարձակմանը, որի թիրախը դարձան նաև խաղաղ բնակիչները և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս ամենի նպատակը մեկն է՝ մեկընդմիշտ զտել Արցախը հայությունից: Ադրբեջանի այս բարբարոս վարվելակերպի ներշնչողն ու անմիջական դերակատարն է Թուրքիան, որը նպատակասլաց փորձում է իրականացնել ավելի քան հարյուր տարի առաջ որդեգրած ծրագիրը՝ բնաջնջել հայությունը որպես ազգ:

Կանադան, որը քաջատեղյակ է այդ իրողությանը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր ևս գտնվեց սկզբունքային և մարդասեր՝ կասեցնելով Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը: Օգտվելով առիթից՝ երախտագիտություն եմ հայտնում Ձեզ և Կանադայի կառավարությանն այդ որոշման համար»:

Դիտվել է 15525անգամ
Վերջին լուրեր