Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հոկտեմբեր / 2020 : 13-06

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ

ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներում մի տեսանյութ էր հայտնվել, որտեղ Ադրբեջանի «շատ բարի» զինվորականները իբր հեշտ ու հանգիստ ընդունում են Արցախի գյուղերից մեկում մնացած Ազնիվ Բաղդասարյանին։ Ադրբեջանցիների ներկայացրած և ակնհայտորեն կեղծ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, քանի որ կինն էլ ադրբեջանցիներին ասում էր.«Բարի գալուստ ձեր տուն»։ Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ազնիվ Բաղդասարյանը հայ չէ, և իբր նույն կինը 2019-ին էլ է ադրբեջանական լրահոսում հանդիպել։

«Հոկտեմբերի 7-ին` գերեվարվելուց հետո, ադրբեջանական az.sputniknews.ru կայքին տված հարցազրույցի ընթացքում վախի ազդեցության տակ կինն ասել է, որ 3 օր գտնվել է անգիտակից վիճակում։ Դրանից հետո իբրև թե կնոջը հայտնաբերել են ադրբեջանցի զինվորները և իբր փրկել նրա կյանքը»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

ԿԽՄԿ–ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ իր հերթին Sputnik Արմենիային հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են այնտեղ հայտնված Ազնիվ Բաղդասարյանին։

«ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին և ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հնարավորություն են տվել»,–ասաց Ամատունին։

Հիշեցնենք, որ ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել էին նաև գերեվարված երեք զինծառայողներ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։

Դիտվել է 136330անգամ
Վերջին լուրեր