Նիկոլ Փաշինյանն ընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն նշում է, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Այս մասին Փաշինյանն ասել է Интерфакс-ին տված հարցազրույցում:
«Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ:
Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ:
Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը: