Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Արցախի 39 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 114 մարդ. ՀՀ ՔԿ
Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Արցախի 39 խաղաղ բնակիչ: Այս մասին հոկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ Քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
Վարչության պետը հայտնել է, որ Արցախի դեմ ագրեսիայի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հաստատվել է, որ սեպտեմբերի 27-ից հակառակորդը պլանավորված կերպով դիտավորյալ գնդակոծել է Արցախի 120 բնակավայր: Թշնամին օգտագործել է արգելված տեսակի զենքեր, այդ թվում` կաստերային արկեր: Զոհվել է մարտական գործողությունների հետ կապ չունեցող 39 քաղաքացիական անձ: Այդ թվում զոհվել է նաեւ մի աղջնակ: Սպանվել է 6 կին: 114 խաղաղ բնակիչ վիրավորվել է: Նրանցից ավելի քան 80-ը ծանր վիրավորվել է: Վիրավորվել է 4 երեխա, 18 կին:
Վարդանյանն ընդգծել է, որ լրագրողների վրա հարձակումները դիտավորյալ բնույթ են կրում: Այս փաստերն արդեն հետաքննվում են: Չորրորդ իշխանության տուժած ներկայացուցիչների թվում կան Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի քաղաքացիներ: «Գերիների խոշտանգումներն ու սպանությունները, բոլոր հայտնի դեպքերը քննվում են»,- ասաց Վարդանյանը: