ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը ռազմաճակատում․ Քարտեզ
ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը ռազմաճակատում։
Այսօր ամբողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ամբողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել»,- հայտնեց նա։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի (Շեխեր, Դրախտիկ, Սղնախ, Ավետարանոց) հարակից տարածքներում շարունակվել են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները։
«Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների ձև, մարտավարություն, ինչը 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն»,- ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները, կիրառվել են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ։
Մանրամասները տեսանյութում։