Թշնամու հրետակոծության արդյունքում Մարտունու շրջանի Հերհեր գյուղի 59-ամյա բնակիչ է զոհվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:
Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս:
Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:
Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան
