01 / Նոյեմբեր / 2020 : 23-46

Ադրբեջանի արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն առաջիկայում անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան

«Մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության մասին, Թուրքիայի մասնակցության մասին, թուրքական բանակի բարձրաստիճան և քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու և հակառակը՝ ինչ նշանակություն ունեն, ինչ դերակատարություն ունեն»,- ճեպազրույցի ժամանակ այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ դարձյալ հիշեցնելով այն իրողության մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ղեկավարումը փաստացի հանձնված է թուրքական բանակին, գլխավոր շտաբին:

Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ինչ-որ առումով արդեն գոյություն չունի: 2020 թվականի ամռան իրադարձություններից հետո, երբ ադրբեջանական բանակը խայտառակ արդյունքներ ունեցավ Տավուշի հատվածում՝ կարճաժամկետ գործողությունների ընթացքում, դրանից հետո Թուրքիան գործի է անցել՝ իր ձեռքը վերցնելով Ադրբեջանի ԶՈՒ կառավարումը։

«Այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների, ինչպես նաև միջազգային որոշ փորձագետների կողմից հիացմունքով նշվող ադրբեջանական ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, ԱԹՍ-ներ, ընդհանուր վերցրած տեխնիկական նորարարական բաղադրիչը, ավելի շատ ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ, ավելի շատ թուրքական է, իսրայեական է և հիմնականում թուրքական ԶՈՒ կառավարման ներքո:

Պետք է ասեմ, որ այս ուղղությամբ ևս Ադրբեջանի արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն առաջիկայում անակնկալներ են սպասվում: Երկար չի տևելու տեխնիկական առավելությունը»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով,որ հայկական կողմը գիտի, որ այս ուղղությամբ փորձելու են գործողություններ իրականացնել, պատրաստ են նաև դրան:

Դիտվել է 30632անգամ
Վերջին լուրեր