11 / Ապրիլ / 2020 : 16-48

Ինչպե՞ս պահպանել զույգերի ներդաշնակ հարաբերությունները կորոնավիրուսով պայմանավորված սթրեսային իրավիճակում. Սեքսապաթոլոգ

Ներկայիս կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, խանգարվել է գրեթե բոլորի առօրյան, փոխվել կյանքի ռիթմը և որակը: Վախ, տագնապ, խուճապ, անհանգստություն- սրանք այն սթրեսային ռեակցիաներն են, որոնք մենք բոլորս ենք զգում: Երկարատև սթրեսային իրավիճակներում գտնվելը, սթրեսի է ենթարկում օրգանիզմը, ինչն էլ իր հերթին բացասական հետևանք է թողնում ինչպես սեռական, այնպես էլ հոգեկան առողջության վրա: Այս ամենը կարող է պատճառ դառնալ նաև մի շարք հոգեբանական խնդիրների առաջացման՝ դրսևորվելով ընտանիքում կամ զույգերի հարաբերություններում կոնֆլիկտային իրավիճակների հաճախակիացմամբ:

Բացի այդ, տագնապը, դեպրեսիան կարող են պատճառ դառնալ սեռական խանգարումների առաջացման: Հետևաբար, նման իրավիճակներում պետք է գիտակցել հետևյալը. ցանկացած երևույթ ունի ինչպես սկիզբ, այնպես էլ ավարտ, որից հետո կյանքը վերադառնալու է նախկին ընթացքին:Հաշվի առնելով թեմայի արդիականությունը, բացի կորոնավիրուսային հիվանդության կանխարգելիչ միջոցառումների իմացությունից, կարևոր է.

1. Հարգեք Ձեր և Ձեր մտերիմների անձնական տարածությունը: Մենակ լինելու ցանկությունը բնական երևույթ է: Մենք սովոր չենք այդքան երկար միասին, միևնույն տարածության մեջ լինել, ինչը կարող է խնդիրներ, կոնֆլիկտային իրավիճակներ և անհարմարավետություն առաջացնել: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար պետք է ընդունել այն փաստը, որ յուրաքանչյուր անհատ ունի անձնական տարածություն: Ուստի անհրաժեշտ է առօրյան կազմակերպել այնպես, որպեսզի հնարավորինս առանձնացված լինի անհատների կյանքը, միևնույն ժամանակ չմոռանալ միասին անցկացնել օրվա որոշակի հատված՝ հնարավորինս լցնելով նոր հետաքրքրություններով:

2. Սեռական կյանք։ Հաճախ տրվող հարցերից է՝ ապահո՞վ է սեռական հարաբերություն ունենալ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Իհարկե առողջ և ակտիվ սեռական կյանքը դրական ազդեցություն ունի առողջության վրա, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ: Սակայն, գիտնակաները դեռևս չեն պարզել կորոնավիրուսի՝ սեռական ճանապարհով, փոխանցման մասին։ Զույգերի, սեռական հարաբերության ժամանակ կորոնավիրոսով վարակումը հնարավոր է, եթե զուգընկերներից մեկը հիվանդ է կամ վարակակիր:

3. Կանոնավոր զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, ապորտով: Ապացուցված է, որ սթրեսի հաղթահարման տարբերակներից մեկը ֆիզիկական ակտիվությունն է: Այն թույլ է տալիս ազատվել ոչ միայն բացասական հույզերից, այլ նաև կորցնել ավելորդ կալորիաները, որը կուտակելու վտանգը բավականին բարձր է ինքնամեկուսացման ժամանակ: Ավելորդ քաշը կարող է բերել մի շարք սեռական խնդիրների առաջացման:

4. Գեղեցկություն և խնամք։ Չնայած առկա բացասական մթնոլորտին, մի մոռացեք ուշադրություն դարձնել Ձեր արտաքին գրավչությանը:Կորոնավիրուսը վաղ թե ուշ ավարտվելու է, իսկ առջևում ամառ է:Հետևաբար, սիրելի կանայք և տղամարդիկ չպետք է մոռանալ խնամված արտաքինի մասին: Չէ որ գեղեցիկը հաճելի է բոլորին և դրական էմոցիաներ է հաղորդում, ինչը վերջին օրերին շատ է պակասում:

5. Ինքնազարգացում։ Ճիշտ պահն է ժամանակ հատկացնել այն բաներին, որոնք խիստ զբաղվածության պայմաններում չենք հասցրել: Օգտագործել ազատ ժամանակը ինքնազարգացման, ինչու չէ նաև նոր մասնագիտություն կամ հետաքրքրություններ ձեռք բերելու համար: Սա թույլ է տալիս ավելի լավ ճանաչել ինքներս մեզ, մեր ցանկությունները և հնարավորությունները: Եվ, իհարկե ցանկացած իրավիճակում պետք է պահպանել դրական տրամադրվածությունն ու լավատեսությունը՝ փորձելով մեր կյանքը լցնել դրական ապրումներով:

Լուսինե Ստեփանյան
բժիշկ -սեքսոպաթոլոգ

Դիտվել է 4747անգամ
Վերջին լուրեր