Ադրբեջանի զինուժի խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով զոհվել է 46, վիրավորվել 144 քաղաքացիական անձ
Անցած գիշեր ինտենսիվ կերպով թիրախավորվել են Շուշիի քաղաքացիական օբյեկտները, ինչի հետևանքով կան վիրավորներ ու մեծ ծավալի ավերածություններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ թշնամին թիրախավորել է նաև Մարտունին, մի շարք գյուղեր, որտեղ ևս ավերածություններ են եղել:
«Երեկ Ստեփանակերտը թիրախավորվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել, մեկն արձանագրվել է ծննդատան հարակից հատվածում, մյուսը՝ կենտրոնական շուկային հարակից բնակելի տարածքում, սա նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները, ի հեճուկս միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ սկզբունքների, ինչպես նաև հոկտեմբերի 31-ին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հայտարարված համաձայնությանը, որ քաղաքացիական օբյեկտները չեն թիրախավորվելու: Ադրբեջանական կողմը չի պահում հատկապես միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները, և քաղաքական պայմանավորվածությունները, այդ թվում՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ: Ոչ միայն Ստեփանակերտում, երեկ այլ բնակավայրեր ևս թիրախավորվել են, Շուշին Մարտունին և այլն, և արձանագրել, որ հարձակումների մի մասն արձանագրվել է կասետային զինատեսակներով, որը միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքով արգելված զինատեսակ է, հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջանում։ Մեր կորուստների զգալի մասը կասետային զինատեսակներով է արձանագրվել»,- ներկայացրել է ՄԻՊ-ը:
Բեգլարյանն անդրադարձել է նաև նախորդ օրերի հետևանքներին, ներկայացրել ընդհանուր իրավիճակն ու կոշտ գնահատական տվել թշնամու կողմից միջազգային մարդասիրական սկզբունքները ոտնահարող գործողություններին:
«Մեր փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրել ենք առնվազն 46 քաղաքացիական անձ զոհված և առնվազն 144 վիրավոր քաղաքացիական անձանց շրջանում: Մի շարք դեպքեր ունենք այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել դիվերսիոն խմբերը, բայց քանի որ ռազմական գործողություններ են ընթանում, չենք կարողանում արձանագրել բոլոր դեպքերը: Սրանք ներկայացված չեն նշված վիճակագրության մեջ: Բացի դրանից՝ քաղաքացիական օբյեկտների շրջանում, մեր համեստ հաշվարկներով, ավելի քան 13800 անշարժ գույք է վնասվել, ավելի քան 3100 ենթակառուցվածքներ, հանրային նշանակության և արտադրական նշանակության օբյեկտներ, որի շրջանում ենթակառուցվածքները առանցքային տեղ ունեն: Կրթության նախարարության տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 2-ի դրությամբ 61 դպրոց և 10 մանկապարտեզ է վնասվել, 61 դպրոցը ամբողջ քանակի 26-27 տոկոսն է կազմում: 2100 մեքենա կամ շարժական գույք է վնասվել: Կուզեի հատուկ անդրադառնալ հումանիտար առաքելություն իրականացնող մարմինների և անձնակազմերի թիրախավորմանը, որոնք գտնվում են միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո»,- ասել է նա: