Ե՛վ Հադրութում, և՛ հարակից գյուղերում մարտերը շարունակվում են. ՊՆ
Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ-ի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ: Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարություն հասկացություն չկա. կա Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Խոսելով Շուշիի պաշտպանական օպերացիայի հաջողության մասին` Հովհաննիսյանն ընդգծեց. «Մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից, և իրավիճակը փոխված է: Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի»:
«Ե՛վ Հադրութում, և՛ հարակից գյուղերում մարտերը շարունակվում են, թշնակամական ուժերը փորձել են բոլոր հնարավոր ճանապարհներով (նախընտրելին իրենց համար եղել են հիմնականում մայրուղիները, ասֆալտապատ ճանապարհները) ձգտել դեպի Շուշի, բայց բոլոր ուղղություններում ջախջախվել են: Մենք այսօր ցուցադրել ենք կադրեր, հավատացե՛ք՝ այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր կան իրենց հասարակության համար»,- ասաց նա: