09 / Նոյեմբեր / 2020 : 18-14

 Իմ էջը չեն կոտրել, ես եմ այդ գրառումն արել. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իր ֆեյսբուքյան էջը չեն կոտրել, քիչ առաջ տեղադրված գրառումն ինքն է արել: 

Պողոսյանից այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրելու պատճառը նրա վերջին գրառման տակ եղած մեկնաբանություններն են: Մարդիկ հրաժարվում են հավատալ, որ նրա գրածը իրականություն է: Իսկ Վահրամ Պողոսյանը, հիշեցնենք, գրել էր.

«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ է, որտեղ երաշխավորված չեն ո՛չ հաջողությունը, ո՛չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…

Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:

Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու… Կռվում ենք մինչեւ վերջ»:

Դիտվել է 155196անգամ
Վերջին լուրեր