10 / Նոյեմբեր / 2020 : 09-48

Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները կատարվեն. Պուտին

Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները կատարվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախքան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարության ստորագրումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանն իր հերթին կանի ամեն ինչ, որ երեք կողմերի միջեւ բանակցությունների ընթացքում ձեռքբերված հայտարարարության դրույթները, որը մենք ստորագրում ենք այսօր, կատարվեն»,-ասել է Պուտինը: Նա վստահություն է հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությունը «կլինի ի շահ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդին»:

Այնուհետեւ եթերում ցուցադրվել են փաստաթուղթը ստորագրելու կադրեր: Եզրափակելով գործընթացը՝ Պուտինն ամենայն բարիք է մաղթել բոլոր մարդկանց, ժողովուրդներին, որոնք ապրում են այդ տարածքներում: «Ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք ձեզ հետ արել ենք բարի գործ եւ ստեղծել լավ բազային պայմաններ այդ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ զարգացման համար՝ ի բարօրություն մարդկանց, որոնք բնակվում են այդ տարածքներում, ի բարօրություն Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների»,-ասել է Ռուսաստանի առաջնորդը:

Ռուսաստանի նախագահը նաեւ հույս ունի, որ ձեռքբերված պայմանավորվածությունները վերջ կդնեն բազմամյա հակազդեցությանը, կստեղծեն պայմաններ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման համար:

Պուտինը հիշեցրել է, որ Փաշինյանի եւ Ալիեւի հետ ստորագրել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից ուժի մեջ մտնող հրադադարի մասին:

«Ես շատ հուսով եմ, որ մեր համատեղ հայտարարության մեջ նշված այս որոշումը ոչ միայն վերջ կդնի Հայաստանի եւ Ադրբեջանի երկար տարիների առճակատմանը, ոչ միայն վերջ կդնի արյունահեղությանը այս հողի վրա, այլեւ կստեղծի մեր կողմից հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունները վերահսկելու հուսալի մեխանիզմներ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը նաեւ հուսով է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան տարածաշրջանում բարենպաստ պայմաններ ստեղծել «երկարաժամկետ` պատմական հեռանկարով» հարաբերությունների զարգացման համար, առաջին հերթին` Ադրբեջանական Հանրապետության եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների համար` ի շահ ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների»:

Դիտվել է 111705անգամ
Վերջին լուրեր