10 / Նոյեմբեր / 2020 : 11-11

Այն որոշումը, որ կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել. Արայիկ Հարությունյան

Ես հայտարարել եմ, որ նոյեմբերի 8-ին իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել, այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 1992-1994 թվականներին: Այս մասին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այն որոշումը, որ կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել: Ինչո՞ւ: Նախ ռազմական վիճակի առումով, 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, եւ ամենագլխավորը՝ Շուշին:

Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում, 2-3 կմ հեռավորության վրա: Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք ավելի շատ զոհեր, քանի որ մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ մեր առաջնագծի համար թիկունք, անդառնալի հետեւանքներ կունենային առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող  մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով:

Չեմ ուզում նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանների առաջնագծում գտնվող զինվորների առումով: Ինչ-որ տեղ, շրջափակման մեծ հնարավորություններն կարող էին լինել:

Կարծես թե մի քանի օր մեզ հաջողվել էր պաշտպանվել մեր հակաօդային ուժերի առումով ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդին չգիտեմ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով  հնարավորություն ունեցան նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում եւ այդ բոլոր կորուստները անօդաչուներով:

Այդպես էլ մեզ չհաջողվեց, ինչու չհաջողվեց, մենք բոլորս այո, պատասխան ենք տալու, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ ՊԲ-ն այդ կարիքն ուներ, այդ խնդիրն առկա էր: Բոլորս, ովքեր զբաղեցրել են պաշտոններ վերջին տասնամյակներում:

Ընդհանուր առմամբ, բանակի վիճակի առումով պետք է ապագայում, եւ համոզված եմ, որ գնահատականները լինելու են:

Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ լավ չէր, ինչ-որ տեղ ծայրահեղ վատ կարելի է ասել: Զորքը թութքով, դիզինտերիայով, կովիդով հյուծված վիճակում 43 օր գտնվում էին առաջնագծում, չունեինք  հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու: Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետակոծություն: Եվ այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության ուժերի: Հաստատ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտական գործողությունների ընթացքում: Թուրք զինվորականների մասնակցությունը եւս եղել է, ահաբեկիչների, վարձկանների դեմ կռում էր հայ կամավորն ու հայ զինվորը: Ես խոնարհվում եմ առաջին հերթին հայ զինվորների առջեւ, աշխարհի ամենահերոս տղերքն եղել մեր ժամկետային զինծառայողները, խոնարհվում եմ զոհերի հարազատների առջեւ:

Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինծառայող զինվորների կյանքը փրկեինք: Իհարկե, կարող ենք ասել, թե ինչու ժամանակին տեղեկացված չէինք այդ վիճակից, կոչ եմ արել Աղդամից, հիշեցնելով, որ սիրելի հայրենակիցներ, ձեր կարիքն ունենք: Հոկտեմբերի28-ին Շուշիից, Ղազանչեցոց եկեղեցու առջեւ ասել եմ՝ Շուշին վտանգված է, հակառակորդը գտնվում էր 5 կմ հեռավորության վրա: Վիճում էին՝ Շուշին մեջ ձեռքին է, թե ոչ, բայց մենք Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել էինք նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ: Չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել այն եղած մարդկային ու զինտեխնիկայի ռեսուրսներով, որը կար:

Շատ երկար փորձում էինք  բանակցության սեղանի շուրջ քննարկել ու կանգնեցնել պատերազմը: Բայց դա հնարավոր չէր:

Կողմ էի, որովհետեւ հուսահատված չէի: Եթե հուսահատված լինեի, կմտածեի շարունակել կռիվը կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու եւ կորցնելու ենք Արցախը:

Հիմա ամեն ինչ առջեւում է, Արցախը, Հայաստանը, հայ ազգը, շատ ծանր օրեր ենք ունեցել, բայց կարողացել ենք ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնել, հետագայում ճիշտ ճանապարհով ընթանալ եւ հաջողություններ արձանագրել: Իսկ ո՞վ է ասում, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Դրանով սկսվում է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն: Համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Ամենամեծ մեր հակառակորդը եղել է խպառակտումն ու խուճապը:

Համաշխարհային խնդիրները դեռ առջեւում են, մեր տեսիլքը դեռ չի մարել, հակառակը, մենք ունենք երազանք, երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը, եւ զենծ մնալ այնպիսի երեւույթներից, որը հարիր չէ մեր ազգին: Ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու, քննարկումներ իրականացնելու հնարավորություններ, եւ ճիշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն:

Դեռ նոր է սկսվում ամեն ինչ: Չեմ ուզում բացել փակագծերը, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջեւում է: Պետք է մտածել, մտածել նրից մտածել, գնահատել, որից հետո որոշումներ կայացնել: Ես արդեն սկսել եմ խորհրդակցություններ Ղարաբաղի քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ:Ամբողջ գիշեր, մինչեւ այդ էլ, բոլորի հետ շփվում էի: Չեմ ուզում կեղծ հերոսներ ձեւանանք, կեղծ հայտարարությունների տրվենք, բայց բոլորը պատրաստակամ էին համագործակցել: Այսօր արդեն հանդիպել են ՀՅԴ-ի ներկայացուցչի, Վիտալի Բալասանյանի հետ, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների՝ Լեւոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի հետ: Եկել ենք մի համաձայնության, որ պետք է ցանկացած որոշում կայացնելուց առաջ, իսկ մեր որոշումները դեռ առջեւում են, պետք է միասին կայացնենք:

Ուզում եմ նորից խնդրել, իմ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ խնդրել, որ սթափվենք, քաղաքացիական պատերազմը անհանդուրժողականությունը ավելի մեծ սպառնալիք է ոչ միայն Արցախ աշխարհի, այլեւ Հայաստան աշխարհի համար: Դրա համար համախմբվենք եւ ցանկացած որոշում կայացնելուց առաջ գնահատենք:

Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ մեր քայլերը: Ես նշեցի, որ սկսել եմ  կոնսուլտացիաներ, բոլորի հետ քննարկելուց հետո կներկայացնեմ:

Ի դեպ, վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ եմ ունեցել եւ բոլորն էլ միակարծիք էին՝ փորձել ժամանակավոր թե մշատական զինադադար ունենալ: Բոլորն անխտիր, չի եղել մեկը, որ ասի՝ ոչ, մենք շարունակում ենք պատերազմը: Որովհետեւ բոլորը տեսնում էին, որ չկա այդ ռեսուրսները: Բոլորն էլ այն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը: Դրա համար մենք հասկանում էինք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը եւ մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը, որովհետեւ մենք օրերի կամ տասնյակ օրերի ընթացքում կորցնում էինք ամբողջ Արցախը: Հաստատ տեմպերն այդպիսին էին: Շատ-շատ մրդկային կյանքեր, մանավանդ զինվորների, որոնց ծառայությունը  մեր երկրի համար դեռ առջեւում է:

Շնորհակալություն: Ես ձեզ բոլորիդ սիրում եմ, նորից ուզում եմ խոնարհվել մեր բոլոր զոհվածների ընտանիքների, հարազատների առջեւ: Ես շատ-շատ հարազատներ եմ կորցրել այս օրերի ընթացքում, արտասվել, իմ ելույթներում կեղծ ժպտալ, որպեսզի հասարակությունը չիմանա այն դառնությունը, որ մենք ունենում էինք ամեն օր: Բայց ուզում եմ նշել՝ ամեն ինչ առջեւում է:

Դիտվել է 47091անգամ
Վերջին լուրեր