Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Նոյեմբեր / 2020 : 17-54

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում. ովքեր են նրանք, որտեղից են և ինչով են զինված. Комсомольская правда-ի անդրադարձը

 Ռուսական Комсомольская правда պարբերականի ռազմական թղթակից Վիկտոր Բարանեցը փորձել է պարզել, թե ինչպիսին է լինելու ռուսական խաղաղապահ զորամիավորումը Լեռնային Ղարաբաղում,-փոխանցում է tert-ը։

Ի՞նչ զորամաս կկանգնի ադրբեջանցիների և հայերի միջև

Սա Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադն է (MRB): Այն տեղակայված է Ռոշինսկի գյուղում (Սամարայի մարզ): 15-րդ բրիգադը Ռուսաստանի Զինված ուժերի միակ խաղաղապահ բրիգադն է և ներառված է ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերում: Այն ամբողջությամբ համալրված է միայն պայմանագրային զինծառայողներով:

Ինչի՞ց է բաղկացած բրիգադը

15-րդ բրիգադի կազմում ներառված են շտաբը, 3 մոտոհրաձգային և 1 տանկային գումարտակ, զենիթահրթիռային դիվիզիոն, զենիթահրթիռահրետանային դիվիզիոն, հետախուզական գումարտակ, ինժեներասակրավորական գումարտակ, վերակառուցման գումարտակ, նյութաապահովման գումարտակ, կրակային վաշտ, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վաշտ, ԱԹՍ-ների վաշտ, ռադիոէլեկտրոնային պայքարի վաշտ, հրամանատարական վաշտ, բժշկական վաշտ, հրետանային հետախուզության վաշտ, կառավարման  և ռադիոտեղորոշման հետախուզական դասակ, հրահանգիչների դասակ, երաժշտախումբ:

Բրիգադի հրամանատարն է գնդապետ Կոնստանտին Նեչաևը:

Ավելի վաղ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը տեղեկություններ է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին՝ նշելով, որ տարածաշրջանում երկու երկրները դադարեցրել են ռազմական գործողությունները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Ռուդսկոյը նշել է, որ ռուս խաղաղապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Լաչինի միջանցքը և Լաչին-Լիսագոր ճանապարհի մի հատվածը՝ հաստատելով ժամանակավոր վերահսկող դիրքեր: 

«Ռուսական զորամիավորման հիմնական մասը կազմված է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներից, ընդհանուր թիվը՝ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: Խաղաղապահ առաքելության իրականացումն ապահովելու համար նախատեսվում է նաև օգտագործել բանակային ավիացիա ու անօդաչու սարքերի համալիրներ»,- նշել է Ռուդսկոյը և հավելել, որ արդեն իսկ մեկ օրում ԼՂ հակամարտության գոտի է տեղափոխվել 414 խաղաղապահ, 8 ուղղաթիռ, 54 միավոր ավտոմեքենա, հատուկ տեխնիկա, ինչպես նաև անօդաչու սարքերի 2 համալիր: 

Նրա խոսքով՝ հակամարտության գոտի ուղարկված խաղաղապահների մեծ մասը Սիրիայում մարդասիրական օպերացիաների իրականացման փորձ ունի: 

Նշվում է, որ սահմանապահ զորամիավորումը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ այդ թվում ԲՏՌ-81Ա զրահամեքենաներով, «Վագր» և «Թայֆուն» մեքենաներով և այլն: Ռուդսկոյը մանրամասնել է նաև, որ ռուսական զինվորակաները ուղիղ կապի միջոցներ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՝ խաղաղապահների անվտանգության ապահովման և պատահարների կանխման համար. այս նպատակով ստեղծվել է նաև մարտական ղեկավարության հատուկ խումբ: 

Ռուդսկոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում կողմերի շփման գծերի և Լաչինի միջանցքի երկայնքով հաստատվելու է 16 դիտակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված պայմանավորվածությունների իրականացման, զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկությունների հավաքագրման, դրանք օպերատիվ կերպով մինչև խաղաղապահ ուժերի ղեկավարությանը հասցնելու և խաղաղ բնակիչների նկատմամբ հնարավոր հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով: 

 
«Խաղաղապահ օպերացիայի իրականացման շրջաններում նաև առաջադրանքներ են կատարելու ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք խաղաղապահ զորակազմում են ներառված: Նրանց վրա կողմերի շփման գծով պարեկության սահմանման, մեքենաների և բեռների շարասյունների ուղեկցման պարտականությունն է ընկած»,- նշել է նա: 

Դիտվել է 216963անգամ
Վերջին լուրեր