14 / Նոյեմբեր / 2020 : 15-55

Ռուս խաղաղապահները սկսել են պարեկություն իրականացնել Արցախի «Հյուսիս» և «Հարավ» գոտիներում

Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները սկսում են պարեկային ծառայություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության գոտիներում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում ասել է ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը իրականացվում է ուղիղ կապի ուղիներով», – ասել է նա:

Նրա խոսքով՝ խաղաղապահները շփման գծի երկայնքով տեղակայել են 12 դիտակետեր, որոնք իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում: Նրանցից 9-ը տեղակայվել են «Հարավային», 3-ը՝ «Հյուսիսային» պատասխանատվության գոտում: Այսօր նախատեսվում է տեղակայել ևս 5 դիտակետ:

Խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, հավելել է գեներալ-մայորը: Գործողության սկզբից ի վեր ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռները կատարել են 95 թռիչք, այդ թվում 22-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Դիտվել է 25790անգամ
Վերջին լուրեր