16 / Նոյեմբեր / 2020 : 23-33

«Խաղաղություն». Արցախյան գոյամարտի մասին փաստավավերագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

«Խաղաղություն» փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմը 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան գոյամարտի մասին է։

Ֆիլմում ականատեսի աչքով ներկայացված են պատերազմի հատկապես այն սարսափելի հետևանքները, որը կրում են խաղաղ բնակիչները։ Պատերազմ խաղաղասեր բնակչության դեմ, որը չխնայեց ո՛չ անզեն մարդկանց, ո՛չ մշակութային կոթողներ և ոտնահարեց արցախահայերի խաղաղ ապրելու իրավունքը։

Ֆիլմը հանդիսատեսին է ներկայանում որպես համամարդկային պայքար մղելու հերթական կոչ՝ հանուն արդարության և խաղաղության վերահաստատման։

Ֆիլմը ներկայացվել է միջազգային կինոփառատոնների՝ նպատակ ունենալով կինոլեզվի միջոցով խոսել հանդիսատեսի հետ և փոխանցել Արցախյան գոյապայքարի և արցախահայության հետ կատարածի իրական պատկերը։

Ֆիլմի ռեժիսոր Երվանդ Ռումյանը, անդրադառնալով ֆիլմի ասելիքին, ընդգծել է․ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. Սա այն երազանքն է, որը դարեր շարունակ ուղեկցել է հային, և այսօր էլ դեռ մնում է երազանք։ Ցանկալի կամ անցանկալի, պարտադրված կամ հարկադրված խաղաղություն։ Սրանց տարբերությունը թերևս արդյունքի մեջ է. եթե մեծն Մոնթեն խաղաղության հասնելու միակ ճանապարհը տեսնում էր հաղթանակի մեջ, ապա այսօր մենք ականատեսն ենք պարտությամբ տրված խաղաղության, որը արհեստական, միևնույն ժամանակ մեր տեսակին անընդունելի արդյունք է, և որի հոգեբանական հետևանքները դեռ երկար տարիներ ուղեկցելու են մեզ՝ անկախ մեր կամքից։

Եթե 94-ին խաղաղությունը հաղթական էր, ապա այսօրվա խաղաղությունը թերևս ոչ այլ ինչ է, քան ներքին վտանգ առաջացնող զգացողություն՝ պատված հայրենիքի ապագայի անորոշությամբ։


Կա արդյո՞ք ցավի մի տեսակ, որը առիթ չունեցավ զգալ հայը իր գոյութենական պայքարի ընթացքում, մնա՞ց մի փորձությունը, որից խուսափեցինք և շարունակեցինք առաջ ընթանալ։ Ինքներս մեզ տալիս ենք հարցեր, որոնց պատասխանները այդպես էլ անորոշ են մնում, ինչպես անորոշ է մնում մեր հայրենիքի ապագայի հարցը։ Հստակ է մեկ բան. մեզ բաժին չի հասել խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունքը, փոխարենը բաժի է հասել պայքարելու և մեր արյամբ ու քրտինքով խաղաղություն վաստակելու հնարավորությունը և հետևաբար այսօրվանից պետք է ոչ թե աղերսենք խաղաղություն, այլ արժանանանք դրան, որի միակ ճանապարը պայքարն է։ Միայն հաղթանակից հետո տրված խաղաղությունն է իրական։

Նշենք, որ ֆիլմը Double Frame ֆիլմարտադրող ընկերության հերթական աշխատանքն է։

Ռեժիսոր՝ Երվանդ Ռումյան։

Պրոդյուսեր՝ Հայկ Մարկոսյան։

Թրեյլերը՝ ստորև։

Author's cover photo
Ամսաթիվ 16 / Նոյեմբեր / 2020 : 23-33
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 35811անգամ
Վերջին լուրեր