19 / Նոյեմբեր / 2020 : 15-37

Երկրի վարչապետը հրաման է արձակում՝ կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ․ Մովսես Հակոբյան

 Զորահավաքը չի կատարվել, դրա համար պատասխանատու են երկրի ղեկավարը, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունն իր լրահամալրման պլանն իրականացրել է 78 տոկոսով, ՀՀ-ն՝ 52 տոկոսով։ Իսկ դա պետք է իրականացնեին 40 ժամվա ընթացքում, այստեղից ծնվել են մեր բոլոր խնդիրները», - հայտարարեց Մովսես Հակոբյանը։

«Այստեղ ևս մի հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը։ Ինքը շատ բարդ գործընթաց է, բանակի բոլոր գործընթացներից ամենաբարդն է։ Այստեղ ազնիվ պետք է լինենք՝ եթե քաղաքական ղեկավարությանը մեղադրում ենք սրա համար, նաև զինվորականներն ունեն որոշակի սխալներ։ Այնտեղ, որտեղ պետք է իրականացվեր լրահամալրում, հակառակորդի կողմից իրականացվել է լուրջ հրետանակոծություն, և ԱԹՍ-ները չեն թույլատրել այդ անձնակամզի ընդունման կետերն ամբողջությամբ բացազատել և լիարժեք կատարել։ Եվ այստեղ հրամանատարներն արագ որոշում պետք է կայացնեին, կետերը փոխեին և համալրման ձևը։

Երկրի վարչապետը հրաման է արձակում՝ կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ՝ պատերազմի երրորդ օրը։ Եվ ինչ ենք ունեցել մենք արդյունքում՝ կամավորական ջոկատները գալիս են, փայլուն տղերք են, գալիս են այնտեղ, որևէ սպառազինություն, որևէ հանդերձանք չունենք, զորամասերում նրանց համար նախատեսված որևէ սպառազինություն ու հանդերձանք չկա։ Մարդը, որը չունի գործող կապի համակարգ հիմնական անձնակազմի հետ, ինչպե՞ս նա պետք է կռվի։

Եվ պատճառն առաջին իսկ մարտի ժամանակ այդ մարդկանց մի մասը կոտորվում է մարտի դաշտում, մի մասը խուճապահար փախչում։ Ես թիվ կհնչեցնեմ, որը ձեզ կսարսափեցնի՝ 5-րդ օրն արդեն Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղեր, որ չվերադառնան Հայաստան ու խուճապ չտարածեն։ Եվ այդքան մարդու վրա մարդ է նշանակվել՝ զորքից կտրվելով, որպեսզի նրանց պահեն։ Նրանց կերակրել են բանակի սնունդով։ Եվ մի մասի հետ բացատրական աշխատանքներ են տարվել, որպեսզի նրանց վերադարձնեն բանակի շարքեր։ Փախածների սկիզբը դրել են կամավորականները, դրանց միացել է կցագրված անձնակազմը»,- հայտարարեց Մովսես Հակոբյանը։

Դիտվել է 112258անգամ
Վերջին լուրեր