Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Նոյեմբեր / 2020 : 08-09

Ասկերանի շրջանից ևս 2 գյուղ տարհանում են՝ Ադրբեջանին հանձնելու համար

Արցախի Ասկերանի շրջանից վեց գյուղ արդեն անցել են հակառակորդի վերահսկողության տակ, ևս երկուսն էլ կանցնեն։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ ութ գյուղերում ընդհանուր առմամբ 2733 մարդ է ապրել, որոնք բոլորը մնացել են առանց տների։

«Պատերազմի ժամանակ հակառակորդը գրավել է Ասկերանի վեց գյուղ` Ավետարանոցը, Ակնաղբյուրը, Մադաթաշենը, Սխնախը, Ջրաղացները և Մոշխմհատը։ Այդ գյուղերից 2233 մարդ` 525 ընտանիք, մնացել են առանց տան, այժմ նրանք Հայաստանի Հանրապետությունում են։ Եվս երկու գյուղից ներկա պահին են տարհանվում բնակիչները։ Խոսքը Արմենակավան և Ուխտասար գյուղերի մասին է, առաջինում բնակվում է 150 մարդ, երկրորդում` 350։ Մինչև վերջին պահը հստակ չէր` այդ գյուղերն անցնում են հակառակորդի վերահսկողության տակ, թե ոչ։ Երկու օր առաջ է պարզվել, որ համաձայն եռակողմ հայտարարության` դրանք էլ են դառնալու Ադրբեջանինը», – նշեց Մանգասարյանը։

Այժմ Արմենակավանի և Ուխտասարի բնակիչները շտապ տարհանում են իրենց գույքը, սակայն դեռևս բոլորը չեն տեղափոխվել. տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան։ Մանգասարյանի խոսքով` օրական մի քանի անգամ պետության աջակցությամբ մեքենաներ են գնում–գալիս գյուղեր, սակայն դեռ տեղափոխելու իրեր և մարդիկ կան։

«Արմենակավանի և Ուխտասարի բնակիչները շատ նեղսրտած են. իրենց 30 տարվա ստեղծածը թողնում են հակառակորդին», – պատմեց պաշտոնյան։

Ասկերանի կորսված ութ գյուղերի բնակիչներին սկզբնական շրջանում ծրագրված էր Ասկերանի շրջանի այլ համայնքներում տեղավորել, սակայն բնակֆոնդի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքով` անտուն մնացած մարդիկ երկու անգամ շատ են շրջանում առկա ազատ բնակարաններից։

«Ստացվում է, որ պետք է Ստեփանակերտ էլ տեղափոխենք մարդկանց, բայց այնտեղ նաև պետք է տեղավորվեն Շուշիի և Հադրութի բնակիչները։ Մի խոսքով` ահավոր վիճակ է։ Ըստ այդմ` ուզում եմ կոչով դիմել արցախցիներին. եթե տուն եք կորցրել, դեռ մի վերադարձեք Արցախ։ Մենք ծրագրում ենք Ասկերանում դպրոցների, մանկապարտեզների շենքերը հարմարեցնել բնակության համար։ Բայց դրա համար ժամանակ է պետք։ Մահճակալ չկա, խոհանոցային պարագաներ չկան։ Իսկ մարդիկ Հայաստանից գալիս են, ու փաստի առաջ ենք կանգնում», – ասաց Մանգասարյանը։

Նրա խոսքով` օրական 20-22 ժամ հեռախոսով խոսում է Հայաստանում գտնվող ասկերանցիների հետ, բայց միևնույնն է` նրանցից շատերը վերադառնում են Արցախ և խնդրում տան հարց լուծել։

«Մի քանի օր առաջ հինգ երեխաներով եկան իմ աշխատասենյակ ու ասում են` դե, տեղավորեք։ Եթե մարդիկ այստեղ տուն ունեն, հենց մեկը Ասկերանի բնակիչները, թող վերադառնան, ի սեր աստծո, դռները բաց են, թող գան, որ վերադառնանք առօրյա կյանքին։ Բայց տուն կորցրածների հապճեպ վերադարձը սխալ է։ Ես սա չեմ ասում, որ խուճապ լինի, բոլոր խնդիրներն էլ լուծելի են, բայց փուլ առ փուլ», – շեշտեց Մանգասարյանը։

Դիտվել է 54362անգամ
Վերջին լուրեր