22 / Նոյեմբեր / 2020 : 10-47

«Շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել». Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ:

Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր շարունակ թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առ այսօր ոչ մի այլ ողջ զինծառայողի հնարավոր չի եղել գտնել:

Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Ինքնությունը պարզված մարմինները փոխանցվում են հարազատներին, իսկ երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում տեղում պարզել ինքնությունը, դա արվում է ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա:

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից՝ պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Իսկ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցում է տվյալների հավաքագրման ու մշակման հարցում, ինչպես նաև փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրում է մարդու իրավունքների խախտումները:

Շատ կարևոր է, որ բոլոր պետական ու միջազգային կառույցներն աշխատեն առավելագույնս արդյունավետորեն ու օպերատիվորեն, որպեսզի հնարավոր լինի փրկել կենդանի անհայտ կորածների ու ռազմագերիների կյանքերը և հարազատներին հասցնել մեր զոհված հերոսների մարմինները: Ես էլ փորձում եմ իմ լիազորությունների սահմաններում ու դրանցից դուրս կատարել բոլոր հնարավոր քայլերը այդ նպատակին աջակցելու ուղղությամբ: Նշեմ, որ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով էլ մեր աշխատակազմում կատարվում են փաստահավաք աշխատանքներ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանցելով Կարմիր խաչին ու պետական լիազոր մարմիններին:
Կրկին իմ խորին ցավակցությունները, հպարտությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին. ձեր զավակները, եղբայրներն ու հայրերը զոհվել են բոլորիս համար, և բոլորս էլ ցմահ պարտք ենք նրանց, ձեզ ու Հայրենիքի բոլոր պաշտպաններին:
***

ԼՐԱՑՈՒՄ.
Նշված ուղղություններով փոխանակումներն ինքնին չեն նշանակում, որ ադրբեջանական կողմից փոխանցված մարմինները նույն հատվածից են գտնվել. դեպքեր կան, որ այլ հատվածում գտնված մարմինները փոխանցվել են մեզ մեկ այլ հատվածում: Տեղյակ եմ, որ ԱՀ ու ՀՀ պետական մարմինների հատուկ ուշադրության տակ է հարավային ուղղությունը, հուսամ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ այդ առումով ևս շուտով նորություններ կլինեն:
***

ԼՐԱՑՈՒՄ 2.
Հաշվի առնելով շատերիդ մեկնաբանություններն ու հարցերը՝ մի փոքր պարզաբանեմ այն ամենը, ինչ գիտեմ գործընթացի տեմպի ու ուղղությունների մասին:
• Նախ, շատ լավ եմ հասկանում անհայտ կորածների հարազատների ապրումները և հավաստիացնում եմ, որ առավելագույնը կատարում եմ, ինչով հնարավոր է աջակցել գործընթացին, առավել ևս, երբ իմ կարողությունները խիստ սահմանափակ են ու ես պարզապես աջակցող գործառույթ եմ կատարում:
• Երկրորդ, իմ այս գրառմամբ նպատակ եմ ունեցել գոնե որոշ չափով իրազեկել հատկապես այն հայրենակիցներին, որոնք անորոշության մեջ սպասում են իրենց զինծառայող հարազատներից լուրի, քանի որ շատ լավ եմ հասկանում նրանց դրությունը և փորձում եմ հնարավորինս կատարել գոնե տեղեկատվական անորոշությունը նվազեցնելու հարցում:
• Երրորդ, հարկ է հաշվի առնել, որ այս գործընթացը կատարվում է երեք կողմերի ընդգրկմամբ՝ հայկական, միջազգային ու ադրբեջանական, և գործի ամենաշատ մասը կախված է ադրբեջանական կողմի կամքից ու աշխատանքներից, քանի որ մարտադաշտերի հիմնական մասն այժմ գտնվում է նրանց վերահսկողության տակ, երբեմն՝ խորը թիկունքում:
• Չորրորդ, իմ տեղեկություններով՝ հայկական կողմը ցանկացել է օր առաջ ու միաժամանակ բոլոր ուղղություններով սկսել գործընթացը, սակայն չի հաջողվել ադրբեջանական կողմի դիրքորոշման պատճառով: Բայց միջազգային գործընկերների աջակցությամբ հաջողվել է ընթացքում մի քանի ուղղությամբ ընդլայնվել ու միաժամանակ աշխատել:
• Հինգերորդ, ինչ վերաբերում է հատկապես հարավային ուղղությանը, հաշվի առնելով այնտեղ տեղի ունեցած մարտերի ծավալները և անհայտ կորած ու զոհված զինծառայողների՝ մնացած ուղղությունների համեմատ մեծ քանակը, ապա ասեմ, որ իմ տեղեկություններով քանիցս պատերազմի ընթացքում փորձ է կատարվել այնտեղից հանել անհայտ կորածներին ու զոհվածների մարմինները, որոշ դեպքերում եղել են հաջողություններ, սակայն ռազմական գործողությունների ինտենսիվության ու ադրբեջանական կողմի հակամարդասիրական դիրքորոշման պատճառով հնարավոր չի եղել շատերին հանել: Իսկ հրադադարից հետո ադրբեջանական կողմը դեռ հնարավորություն չի տալիս, որ հայկական ու միջազգային կողմերը հարավային թևում որոնողական աշխատանքներ իրականացնեն:
• Վեցերորդ, մենք շարունակաբար տեղեկություններ ենք հավաքում նաև հնարավոր ու հաստատված գերիների վերաբերյալ և դրանք տրամադրում ենք պետական ու միջազգային մարմիններին, որպեսզի հնարավորինը կատարվի նրանց մասին ավելի շատ տեղեկություններ ճշտելու և նրանց վերադարձնելու ուղղությամբ: Հիմնական աշխատանքը կատարվում է Կարմիր խաչի կողմից՝ ադրբեջանական իշխանությունների հետ կապի միջոցով: Հենց որևէ հաստատված նորություն է լինում որևէ գերիի վերաբերյալ, Կարմիր խաչը կապվում է նրա հարազատների հետ: Ուստի, եթե որևէ գերիի վերաբերյալ տեղեկություններ ունեք, պետք է կապվել առաջին հերթին Կարմիր խաչի հետ, սակայն խորհուրդ կտայի, որ իմ աշխատակազմ էլ տեղեկացնեիք, որպեսզի մենք էլ մեր մասով հնարավորինս աջակցենք գործընթացին:
• Վերջում, հավատացած եղեք, որ եթե ինձնից կախված լիներ, պատերազմները կվերանային աշխարհի երեսից և ոչ ոք ո՛չ կզոհվեր, ո՛չ անհայտ կկորեր, ո՛չ գերի կընկներ, ո՛չ էլ կդժբախտանար: Ես ոչ ոքից պակաս չգիտեմ պատերազմի դաժանությունը, և նաև այդ պատճառով բոլորիդ ցավը շատ լավ հասկանում եմ ու փորձում եմ ոչ միայն ի պաշտոնե, այլ նաև զուտ մարդկայնորեն հնարավորինս աջակցել ձեզ:

Դիտվել է 56046անգամ
Վերջին լուրեր