Խուսափե՛ք գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից.
«Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են հայ գերիների (քաղաքացիական ու զինվորական անձինք) մասնակցությամբ տեսանյութեր, որոնց սկզբնաղբյուրը ադրբեջանական օգտատերերն են: Այդ տեսանյութերում խոշտանգման ենթարկված մեր հայրենակիցները հաճախ ներկայացվում են նսեմացուցիչ կերպով, իսկ երբեմն էլ` դրանք ոչ իրական կադրեր են, մոնտաժված ու կեղծ:
Կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից, կամ դա անել ապանձնավորված (բլյուր) եղանակով: Հարկ է հիշել, որ տեղեկատվությունը համացանցում մնում է հավերժ, և հետագայում` գերեվարված անձանց վերադարձից հետո ևս, այն կարող է շարունակել միջամտել մարդու անձնական կյանքին, բացասաբար անդրադառնալ վերջիններիս ու նրանց ընտանիքների կյանքին, արժանապատվությանը»: