25 / Նոյեմբեր / 2020 : 12-20

Ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում․ Նիկոլ Փաշինյան 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: 

ТАСС - Ձեր կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանում բուռն արձագանքի արժանացավ, նույնիսկ Ձեր հրաժարականի կոչեր են հնչում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, և արդյոք այն կարո՞ղ է ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել:

ТАСС - Ժողովրդի կամարտահայտության հետ կապված: Դրա ամենաժողովրդավարական ձևը ընտրություններն են: Հնչում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչեր: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, ինչպե՞ս եք գնահատում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, հիմա կառավարության և, կարծում եմ, ոչ միայն կառավարության, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կարևորագույն և առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիակատար կայունության և անվտանգության վերականգնումը: Նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը: Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում:

ТАСС - Ինչպես նշեցիք, բողոքական տրամադրությունները հանրության մեծամասնության աջակցությանը չեն արժանանում: Ելնելով դրանից...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա չի նշանակում, որ բոլորը գոհ են ներկայիս ստեղծված իրավիճակից՝ և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, և՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով, և այլն: Անկեղծ ասած, ես ինքս էլ այնքան գոհ չեմ: Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է: Բայց պետք է հասկանալ, թե մենք ինչ այլընտրանքներ ունենք: Մենք պետք է աշխատենք, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարացնենք, որպեսզի կայունացնենք և բարելավենք այն: Եվ ինչպես ես արդեն ասացի, նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունն ու կայունությունը, այլև արտաքին կայունությունն ու անվտանգությունը և տնտեսական անվտանգությունն ու կայունությունը: Մենք պետք է աշխատենք և կենտրոնանանք այս հարցերի վրա:

Սա չի նշանակում, որ կառավարությունը համարում է, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է: Հակառակը, մենք համարում ենք, որ առաջին հերթին պետք է չսրել իրավիճակը, ավելի չվատթարացնել այն: Հիմա մեր առջև շատ հարցեր կան՝ կապված Արցախի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար և այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել: Պետք է կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում:

Ցավոք, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակը շարունակվում է: Այսինքն, առաջին հերթին մեր ընդհանուր նպատակը պետք է դառնա իրավիճակի կայունացումը, և դրանից հետո պետք է որոշում ընդունենք՝ ինչ անել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ

Դիտվել է 8626անգամ
Վերջին լուրեր