Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Նոյեմբեր / 2020 : 18-02

Այսուհետ Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ այսուհետ Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոտք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»,– ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:  

Դիտվել է 13692անգամ
Վերջին լուրեր