Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Նոյեմբեր / 2020 : 15-08

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը տվյալներ ունի հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց վերաբերյալ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը    բաց աղբյուրների վերլուծությամբ  պարզել է, որ Ադրբեջանում պահվում է  մոտ 30  հայ ռազմագերի: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտնել է, որ կան անհետ կորած քաղաքացիական անձինք, որոնց վերաբերյալ տվյալներ են հավաքագրում:  

Այս մասին նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկմանը տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: 

«Հստակ թվեր չեմ կարող ասել: Բաց աղբյուրներից և սոցիալական հարթակներում  տարածված  տեսանյութերի և լուսանկարների միջոցով  մոտ 30 ռազմագերու  տվյալներն ենք կարողացել պարզել: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել Կարմիր  խաչի միջազգային կոմիտեի միջոցով կյանքեր փրկել:  Բացի այդ՝ չպետք է մոռանալ, որ ունենք քաղաքացիական կորած անձինք,  որոնց վերաբերյալ նույնպես տվյալներ ենք  հավաքագրում: Նրանք  եղել են Արցախում՝  իրենց տներում ու բնակավայրերում, որոնք   գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: Ներկայումս ունենք  մոտ 30 անհայտ կորած քաղաքացիական անձ:  Նրանց թվում  կա  11 հաստատված մահվան դեպք, որից  7-ի  մարմինները պատերազմից հետո վերադարձվել են կամ գտել են  փրկարարները:  Վերադարձված դիերի  գրեթե բոլորի  մարմիններին   առկա են եղել խեղման և անդամահատման, ընդհուպ՝ գլխատման  դեպքեր, որոնց   մի մասը  կատարվել է  դեռևս այդ անձանց   կենդանի վիճակում, մյուս  մասը՝ մահից հետո»,- ասաց Բեգլարյանը:

Նա հայտնել է, որ բոլոր դեպքերը վերլուծում և ներկայացնում են ԿԽՄԿ-ին և ռուսական կողմին: Առայսօր հայկական կողմին  փոխանցվել է  ավելի քան 400 մարմին:  Ընդ որում՝  մի մասին   ԿԽՄԿ-ն ու  փրկարարներն են գտել՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, իսկ  մի մասը փոխանակվել է:   «Գլխավորապես այն տարածքներում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայերի  ավելի շատ մարմիններ կան, քան մեր կողմում  ադրբեջանցիների:  Ադրբեջանական կողմն  ակնհայտորեն   ժամանակ է ձգում դիերի փոխանակման հարցում: Ռուս խաղաղապահների աջակցությամբ  ԿԽՄՆ-ն և  փրկարարները  եղել են   ռազմական գործողությունների շրջանում գտնվող  շատ բնակավայրերում,  սակայն  մարմիններ  չեն գտել:  Դրանից էլ հետևություն,  որ ադրբեջանական կողմը   հավաքել է մարմինները,  որից հետո միայն թույլ տվել, որ սկսվեն որոնողական աշխատանքները:   

Հավաքել են մեր մարմինները և անընդհատ ժամանակ են ձգում: Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում: Այդպիսով նրանք  նպատակ ունեն լրացուցիչ ազդել ներհայաստանյան իրավիճակի վրա և խորացնել հարազատների հոգեբանական տառապանքները, ինչի  մասին են վկայում նաև տեսանյութերի տարածումը: Հարկ է նշել, որ  այս գործողություններն  ուղղորդվում են  Ադրբեջանի պետական մարմինների կողմից: 

Տարածվող տեսանյութերն ու լուսանկարները  ադրբեջանական  բանակից կարող էին դուրս գալ միայն իշխանությունների թույլտվությամբ ու վերահսկողության ներքո:  Այդպիսով՝  ադրբեջանական կողմի  նպատակը  մեր հասարակությանը հոգեբանորեն ճնշելն է:  Մենք շարունակում ենք  հավաքագրել ու  մշակել բոլոր  տվյալներն ու  վերլուծություններ, կատարել դրանք  ներկայացնելով  ՊԲ-ին,  ԿԽՄԿ-ին, Գերիների և անհայտ կորածների հանձնաժողովներին: 

Այս տեսանկյունից անելիքներ ունի նաև միջազգային հանրությունը, իսկ մեր  կառավարությունը նույնպես պետք է անի  առավելագույնը զոհվածների  մարմիններն ու գերիներին վերադարձնելու համար»,-ասաց  Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Դիտվել է 16619անգամ
Վերջին լուրեր