Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Նոյեմբեր / 2020 : 19-36

Կոնստանտին Օրբելյանը դիմում է աշխարհի առաջնորդներին` փրկելու հայ ռազմագերիների կյանքը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը բաց նամակ է ուղղել աշխարհին գերության մեջ գտնվող հայ զինվորներին տուն վերադարձնելու համար։

«Թանկագին ընկերներ, բարեկամներ, աշխարհի բարեգութ մարդիկ, այս օրերին ինձ և հայազգի հազարավոր արտիստներին խորապես մտատանջում է պատերազմի հետևանքով Ադրբեջանում անմարդկային վիճակում հայտնված ազգությամբ հայ ռազմագերիների ճակատագիրը։ Նրանց վիճակն օրհասական է, և մենք ժամ առաջ պետք է ազատենք մեր զավակներին այդ ստրկական պայմաններից։

Դիմում եմ քաղաքակիրթ աշխարհին, մտավորականներին, արվեստագետներին՝ մեզ հետ այս ծայրահեղ դժվար պահին աջակցելու, նպաստելու, որպեսզի այն ամենը, ինչ տեղի է ունենում հայ ռազմագերիների նկատմամբ, վերջ ունենա։ Գործենք այն գիտակցությամբ, որ նրանցից յուրաքանչյուրը մեր զավակն է, մեր ընտանիքի անդամը։ Մեր ամենօրյա գործով և աղոթքներով նպաստենք, որպեսզի Ադրբեջանում տանջանքների ենթարկվող հայ ռազմագերիները շուտափույթ փրկության արժանանան։

Դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, որպեսզի գործադրեն բոլոր ջանքերը հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Ամենքս անենք մեր մարդասիրական քայլը, կյանքեր փրկենք մեր գործով»,- ասված է նամակում։

Հիշեցնենք, որ հայ մտավորականներն արդեն երեք օր է` ակցիա են իրականացնում հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու համար: Նրանք արդեն նամակներ են փոխանցել Ռուսաստանի և Ֆրասնիայի դեսպանատներ, վաղը պատրաստվում են նամակ փոխանցել նաև ԱՄՆ դեսպանատուն:

Դիտվել է 35408անգամ
Վերջին լուրեր