Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Դեկտեմբեր / 2020 : 22-05

Ինչպիսին է կյանքը Մարտունիում մարտական գործողություններից հետո․  Նոր տեսանյութ տուժած քաղաքից

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն այցելել է Արցախի Մարտունի քաղաք, որտեղից տեսանյութ է պատրաստել այն մասին, թե ինչպես է վերականգնվում խաղաղ կյանքը մարտական գործողություններից տուժած և առաջնագծում հայտնված քաղաքում:

«Սա երեք քաղաքներից մեկն է, որը, այնուամենայնիվ, մնացել է Արցախի իշխանությունների վերահսկողության տակ: Մեջքիս հետևում տներից մեկն է, որ վնասվել է Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով: Ինչ ասես, որ չի թռել այստեղ. ՀԿՌՀ (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ)՝ իսրայելական, թուրքական, խորհրդային արտադրության, կանոնավոր աշխատել են ավիացիան, անօդաչուները: Քաղաքը հրետակոծվել է անդադար, ոչ թե մի քանի օր շարունակ, այլ մի քանի շաբաթ»,- նշել է լրագրողը՝ հավելելով, որ Մարտունին ամենից շատ է տուժել պատերազմական գործողությունների հետևանքով:

Ինչպես Պեգովը նշում է, քաղաքում կյանքը քիչ-քիչ վերադառնում է իր բնականոն հունին. մեքենաներ են երևում փողոցներում, մարդիկ են վերադառնում: Նա նաև ընդգծել է, որ քաղաքի բնակելի հատվածի մոտ 50 տոկոսը վնասվել է հրետակոծությունների պատճառով և պիտանի չէ ապրելու համար:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Դիտվել է 23253անգամ
Վերջին լուրեր