Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Դեկտեմբեր / 2020 : 19-17

Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ Պաշտպանն իր եզրահանգումներն է ներկայացրել Հայաստանում Լիտվայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանություններին։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս:

Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները:

«Ադրբեջանը սրանով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքների անդամներին։ Այս ամենն Ադրբեջանում հայատյացության քաղաքականության մաս է կազմում»,- նշել է Արման Թաթոյանը:

Պաշտպանը ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է համարել։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր, ինչպես նաև ձեռք են բերել պայմանավորվածություններ մարդու իրավունքների հարցերում համագործակցության նոր ուղղությունների մասին:

Դիտվել է 8038անգամ
Վերջին լուրեր