Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Դեկտեմբեր / 2020 : 12-38

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի այս բուռն քննարկումների ընթացքում ռեկտորի ընտրություններ անցկացնելը  տարօրինակ է

Վերջին մի քանի օրերին  հետպատերազմական գործընթացներով պայմանավորված՝ մի շարք իրավիճակային քննարկումներին ու հարցերին զուգահեռ քննարկման արժանացավ նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Շատերի համար անհասկանալի է դրա հրատապությունն ու ոչ պատեհ ժամանակին այն քննարկման դաշտ բերելու անհրաժեշտությունը, քանի որ  երկրի պատկան մարմինների առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծումներն այսօր մեղմ ասած քիչ չեն: Ինչևէ, բուռն քննարկումներ սկսվեցին, որի հիմքում նախագծի  հակասահմանադրական լինելն էր, քանի որ Սահմանադրության 38 -րդ հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետը հստակ սահմանում է «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը», իսկ առաջարկվող նախագծում գրված է՝ «Սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը այդ բուհերում ու գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն»:

Սա նշանակում է, որ բուհերի ռեկտորներին այսուհետ նշանակելու է նախարարը: Օրենքի նախագծի շուրջ իր մտահոգությունն արտահայտեց և հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձանագրելով, որ բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը.

 «Նախագծի կարգավորումներն ուղղակիորեն վտանգում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքն ու հակասում են այդ իրավունքի հիմքում ընկած բուհերի ինքնակառավարման իրավունքին, ակադեմիական և հետազոտությունների ազատությանը»,- տեղեկացրել է Արման Թաթոյանը:

Նշենք, որ այս առնչությամբ իրենց մտահոգություններն են արտահայտել Երևանի պետական համալսարանն ու ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան:

Հիշեցնենք, որ դեռևս մարտին նախատեսված ԵՊՀ ռեկտորի և ԻՄ տնօրենի մրցույթները հետաձգվել էին՝ պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությամբ: Բացի այդ, իրավական որոշ հստակումների կարիք կար, ինչը քվեարկությամբ հաստատել էր նաև ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը: Ռեկտորի ընտրություններ պետք է անցկացվի նաև Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում /ՀՖԿՍՊԻ/: Բայց, ի տարբերություն ԵՊՀ-ի, այստեղ հաշվի չի առնվում երկրում առկա իրավիճակը և պատրաստվում են ընտրությունների, որն ի դեպ տեղի կունենա հունվարի 11-ին:

ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանն իր տված հարցազրույցներում բազմիցս ինքնագնահատականներ է հնչեցրել՝ ասելով, որ իրեն հաջողվել է  բարձրացնել ինստիտուտի վարկանիշը, ունեցել է նաև ֆինանսական և այլ բարելավումներ: Մինչդեռ,  զորակոչված և ուսանողական կյանք վերադարձած ուսանողների շրջանում դեռևս տարեսկզբին / այն ուսանողների, ովքեր մարտական հերթապահություն էին իրականացրել՝ համոզված լինելով, որ կօգտվեն վարձավճարի  մասնակի փոխհատուցման իրավունքից/ բողոքներ կային ուսման վճարների զեղչային համակարգից դուրս մնալու հետ կապված՝ նոր կանոնակարգերի պատճառով, որոնք հաստատվել էին հենց  Դավիթ Խիթարյանի պաշտոնավարման ընթացքում:

 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի այս բուռն քննարկումների ընթացքում, հատկապես, երբ մի շարք հստակեցումներ դեռևս քննարկման տիրույթում են, պարզ չէ  նաև՝ փոփոխությունը վերաբերելու է միայն թափուր մնացած ռեկտորների պաշտոններին, թե՞ նաև գործող ռեկտորներին, ընտրություններ անցկացնելու շտապողականությունն առնվազն տարօրինակ է:

Author's cover photo
Ամսաթիվ 08 / Դեկտեմբեր / 2020 : 12-38
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 13847անգամ
Վերջին լուրեր