08 / Դեկտեմբեր / 2020 : 16-26

Արցախի փրկարարները վնասազերծել են շուրջ 62 կասետային, հարվածային ու հրթիռային ռումբ

 Նոյեմբերի 30-դեկտեմբերի 6 ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 1191 զանգ, որոնց մեծ մասը կենցաղային բնույթի էին, մյուսը՝ զենք-զինամթերքի վերաբերյալ։ Փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, տվել խորհրդատվություն:

Գրանցվել է հրդեհի 10 դեպք, որոնց մեծ մասը բռնկվել են ջեռուցող համակարգերից եւ էլեկտրական լարրի կարճ միացումներից: Տուժածներ չկան: Հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են ժամանակին:

Զենք-զինամթերքի հայտնաբերման 112 դեպք է արձանագրվել: Զինամթերքի մեծ մասը պայթած վիճակում են եղել եւ որեւէ վտանգ չեն ներկայացրել: Ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են շուրջ 62 կասետային, հարվածային եւ հրթիռային ռումբ, ականանետի ականներ:

Այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողություններ, շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքները: Բնակավայրերից բացի՝ աշխատանքներն ընթանում են անտառային գոտիներում:

Կենցաղային բնույթի 67 կանչ է գրանցվել: Դրանք հիմնականում բնակչության օգնության, վթարափրկարարական, հիվանդների տեղափոխման, ջրամատակարարման ու ջրահեռացման, դռան բացմանն էին վերաբերում:

ԱԻՊԾ Փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները միաժամանակ շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Դիտվել է 4216անգամ
Վերջին լուրեր