ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ 3 գերիների հետ հայկական կողմին է փոխանցվել մեկ տարեց անձի մարմին. Արցախի ՄԻՊ

ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիների հետ հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա մասնավորապես գրել է․
«Այսօր ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ:
Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։
Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում:
Նշված անձանց հարազատներն արդեն պատշաճ կերպով տեղեկացվել են նրանց վերադարձի մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Arman Tatoyanի հետ համադրում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքները, որոնց շրջանակներում համապատասխան գործողություններ ենք կատարելու վերադարձված անձանց իրավունքներին առնչվող հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մենք նաև շարունակում ենք համատեղ ջանքերը գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության և պետական լիազոր մարմիններին հնարավորինս աջակցելու, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում առնչվող հարցերի բարձրացման ուղղությամբ»:
