11 / Դեկտեմբեր / 2020 : 17-59

Ընդհանուր առմամբ գտնվել է 802 զոհվածի աճյուն. առայժմ միայն Շուշիի տարածքում է գտնվել մեկական ողջ մնացած հայ և ադրբեջանցի զինվոր

Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությունը հաջողվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջնորդությամբ և ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բանակցությունների միջոցով: Այժմ յուրաքանչյուր ուղղությամբ երկու ծնող կարող են միանալ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատներին և ռազմական գործողությունների վայրերում և օգնել նրանց», - մանրամասնել է Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում:

«Այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1: Այս պահին չկա ռազմական գործողությունների վայր, որտեղ որոնողափրկարարական աշխատանքները վերջնական ավարտին են հասցվել: Ուստի որոնողական աշխատանքները շարունակվելու են բոլոր տարածքներում։ Իրականացման ընթացքը մեծամասամբ պայմանավորված է այդ ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների համապատասխան բանակցություններով: Նշեմ, որ նոյեմբերի 13-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ գտնվել է 802 զոհվածի աճյուն: Առայժմ միայն Շուշիի տարածքում են գտնվել մեկական ողջ մնացած հայ և ադրբեջանցի զինվորներ», - ասել է Հունան Թադևոսյանը:

Դիտվել է 176631անգամ
Վերջին լուրեր