Երևանում կորոնավիրուսից հղի կին է մահացել
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց, որ Երևանում կորոնավիրուսից հղի կին է մահացել։
Ըստ տեղեկության՝ 40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
«Նա պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այդ ընթացքում առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ, սական, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումների, պացիենտի վիճակը շարունակել է վատանալ»,-նշել է նա:
ԱՆ խոսնակի խոսքով՝ դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում` կեսարյան հատման միջոցով, որի ընթացքում արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնճառության սարքին:
«Դեկտեմբերի 13-ին վերջինիս վիճակը կտրուկ վատացել է և չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումների, արձանագրվել է կենսաբանական մահ»,- ասաց Նիկողոսյանը: