Մեր զինծառայողները ֆիքսել են, թե ինչպես են ադրբեջանցիները գերեվարում իրենց համածառայակից ընկերներին
«Հին թաղեր գյուղի գյուղապետը Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում նշել է, որ նախորդող օրերին իրենց և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմը 8 վիրավոր ունի, ևս 10 մարդ անհետ կորած է և, ըստ տեղեկությունների, ադրբեջանցիները գերեվարել է։
Այս տեղեկատվությունը հարցեր է առաջացնում մի քանի տեսանկյունից։ Նախ, ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր 6 վիրավորի մասին, իսկ Հին թաղերի գյուղապետը հայտնում է 8 վիրավորի մասին։
Ուշագրավ է, որ գյուղապետը խոսում է նաև 10 անհետ կորածների մասին՝ նշելով, որ ռուս խաղաղապահները կապ են հաստատել ադրբեջանցիների հետ, սակայն նրանք նշել են, որ իրենց մոտ նոր գերեվարվածներ չկան։ Ու դա այն դեպքում, երբ ըստ գյուղապետի, մեր զինծառայողները ֆիքսել են, թե ինչպես են ադրբեջանցիները գերեվարում իրենց համածառայակից ընկերներին։
Եվս մեկ նկատառում, Խծաբերդի գյուղապետն էլ նշում է, որ ռուս խաղաղապահների բանակցություններից հետո ադրբեջանցիները դուրս են եկել գյուղից, սակայն հարակից դիրքերը շարունակվում են մնալ թշնամու վերահսկողության տակ։
Ի դեպ, մի քանի օր առաջ, այդ գյուղերում ծավալված մարտերին զուգահեռ, համացանցում տեսանյութեր էին շրջանառվում գերեվարված զինծառայողների մասին, սակայն դրա վերաբերյալ հետագայում պաշտոնական շրջանակներից հստակ պարզաբանումներ չեղան։
Մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանը ապատեղեկատվության հոսքերի մասին հայտարարություն արեց՝ անուղղակի ձևով այն բարդելով իր ընդդիմախոսների վրա։
Իսկ ո՞վ է խանգարում ՀՀ պաշտոնական շրջանակներին նորմալ աշխատել Արցախի իշխանությունների հետ, ճշգրտել ամբողջական տեղեկատվությունը և հանրությանն ապահովել պատշաճ տեղեկատվությամբ։
Ո՞վ է մեղավոր, որ Արցախի և Հայաստանի տարբեր պաշտոնատար անձնանց հայտարարությունները հակասում են իրար։
Իսկ հիմա հարց Հայաստանի և Արցախի իշխանություններին, որը հրատապ պարզաբանում է ենթադրում։ Իրականում քանի վիրավոր է ունեցել հայկական կողմը Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ, արդյո՞ք ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց ելման դիրքեր և արդյո՞ք այդ գործողությունների արդունքում անհետ կորած զինծառայողներ (կամավորականներ) ունենք։
Ազատություն ռ/կ-ի ռեպորտաժը դնում եմ մեկնաբանություններում (4,30 րոպեից)»։
Ազատություն ռ/կ-ի ռեպորտաժը՝ այստեղ (4,30 րոպեից)։