Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Դեկտեմբեր / 2020 : 12-59

Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին. համայնքապետ

Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին, թե դա, որ ղեկավարի շնորհքն է, ես չգիտեմ: Այս մասին այսօր Tert.am-ին ասաց Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանից:

«Գյուղը պատերազմի օրերին հայաթափվել էր, մինչև վերջ էլ «մոբ»–ի (մոբիլիզացիոն ուժեր – Tert.am) տղերքը պահում էին: Ասել էին, որ պիտի ռուսը գա, այդ տարածքներում իր դիրքերը դնի, մինչև շաբաթ օրն սպասել ենք, ոչ մեկն էլ չի եկել, հետո արդեն լուրն իմացա, որ ադրբեջանցիները հարձակվել են ու մեր գյուղ մտել: Իբր ռուսական կողմը գնացել է, որ դրանց հանի, բայց փաստաթուղթ են ցույց տվել, որ այդ տարածքները հանձնված են Ադրբեջանին: Հիմա ռուսական զորքն այդտեղ չէ, Հին Թաղերն էլ մերը չէ»,-ասաց նա:

Համայնքապետի խոսքով՝ գյուղը ցանկացած ձևով փորձել են պահել, գյուղում շաբաթ օրվա մարտերի ընթացքում մոբիլիզացիոն ուժերից 8 անձ է վիրավորվել, 9-10 անձի գերեվարվածության վերաբերյալ տվյալներ կան:

Էդուարդ Այվազյանը նշեց, որ գյուղն ունեցել է 105 բնակիչ, որոնք հիմա ՀՀ-ի տարբեր մարզերում են բնակվում, ըստ նրա՝ բնակիչներին որպես այդպիսին պետական աջակցություն չի տրվել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Դիտվել է 38816անգամ
Վերջին լուրեր