16 / Դեկտեմբեր / 2020 : 14-39

Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին․ Արայիկ Հարությունյան

Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Այս մասին իր էջում գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաև ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից: Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով:

Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը շարունակում է իր մշտական սադրիչ վարքագիծը, որի ցցուն օրինակներից են վերջին օրերի նրանց գործողությունները Խծաբերդի ու Բերդաձորի հատվածներում: Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից:

Այս օրերին Բերդաձորի ուղղությամբ ոչ մի անձ չի տուժել, իսկ հակառակորդին թույլ չի տրվել մուտք գործել որևէ բնակավայր:

Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության:

Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձն ամբողջությամբ այստեղ

Դիտվել է 37178անգամ
Վերջին լուրեր