«Երրորդ ուղղությունը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, որն ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար»․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր հայտարարության մեջ նշել է, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, որն ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար:
«Արտաքին քաղաքականություն. Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական ուղղություններն ու առաջնահերթություններն, ընդհանուր առմամբ, չեն փոխվել, սակայն կրել են փոփոխություններ իրենց ուժգնության առումով: Մասնավորապես՝ հարկ է առանձնացնել հետևյալ հիմնական ուղղություններն ու նպատակները՝
• Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով: Պետք է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների արտաքին քաղաքական ամբողջ ներուժը խելացի ու հետևողական կերպով սպասարկի այդ առաջնահերթ նպատակի իրագործմանը՝ ապահովելով կայուն, տևական ու արժանապատիվ անվտանգ միջավայր սեփական հայրենիքում ապրելու համար:
• Երկրորդ ուղղությունը Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցումն է, որը ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման վրա: Եթե նախապատերազմյան ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հիմքում դրված էին երեք հիմնական սկզբունքներ՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ապա այս պատերազմը պարզապես վերացրել է դրանցից երկուսի՝ ուժի սպառնալիքի բացառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների իմաստը:
Մասնավորապես, աշխարհի համար քննարկումից դուրս է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է դիմել ուժի կիրառման, որի ընթացքում համակարգված ու դիտավորյալ կերպով կատարել է մարդկության դեմ ուղղված և բազմաթիվ պատերազմական հանցագործություններ՝ Թուրքիայի ու վարձկանների ակտիվ մասնակցությամբ: Ընդ որում՝ այժմ ոչ մի տեսանելի հիմք չկա պնդելու, որ միջազգային հանրությունը ցանկություն ունի պատժելու Ադրբեջանին՝ ուժի ապօրինի կիրառման և մարդկության դեմ հանցագործության համար: Բացի դրանից, ուժի կիրառման և քաղաքական պայմանավորվածության հետևանքով ոչ միայն Ադրբեջանը չունի միջազգային ընկալմամբ տարածքային ամբողջականության խնդիր, այլև այդ երկիրը վերջին պատերազմում բռնազավթել է 1991թ. հռչակմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող որոշ տարածքներ՝ ի լրումն 1990-ականներին զավթված այլ տարածքների՝ տասնյակ հազարավոր բնիկ հայերի դարձնելով անօթևան:
Ուստի, եթե երեք սկզբունքներից երկուսը դարձել են ժամանակավրեպ, ապա պարտադիր է անհապաղ կյանքի կոչել նաև երրորդ սկզբունքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը, որպեսզի հնարավոր լինի մտածել հակամարտության կարգավորման մասին: Այդ առումով կարևոր է հաշվի առնել և՛ Արցախի ժողովրդի կրած զրկանքներն ու տառապանքները, և՛ նոր ոճրագործությունների առկա գոյաբանական վտանգները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դիտարկելով որպես փոխհատուցող ու կանխարգելիչ մեխանիզմ: Բոլորի համար հասկանալի է, որ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը նշանակալի գործնական երաշխիքներ է տալու մեր ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովման համար:
• Երրորդ ուղղությունը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, որն ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար:
• Չորրորդ ուղղությունը մարդասիրական հարցերի կարգավորումն է, որը ներառում է թե՛ գերիներին ու անհետ կորածներին առնչվող խնդիրների լուծում, թե՛ տեղահանված անձանց իրենց բնակավայրեր վերադարձի ապահովում, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պատշաճ պաշտպանություն: Այդ համատեքստում շատ կարևոր է միջազգային մարդասիրական շարունակական աջակցության ապահովումը, որի առաջամարտիկն է դարձել օտարերկրյա պետություններից Ռուսաստանի Դաշնությունը՝ Արցախին ցուցաբերվող ուղիղ ու մեծածավալ աջակցությամբ: Հույս ունեմ, որ այլ պետություններ ու միջազգային խոշոր կազմակերպություններ օրինակ կվերցնեն Ռուսաստանից՝ վերջապես կոտրելով Արցախի միջազգային արհեստական մեկուսացման սառույցը: Անշուշտ, Հայաստանի Հանրապետության անվերապահ, մշտական ու անգնահատելի աջակցությունը Արցախին որևէ կերպ չի կարելի դիտարկել այդ տեսանկյունից, և խոսքը բացառապես միջազգային աջակցության մասին է:
• Հինգերորդ ուղղությունը սոցիալ-տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը միտված արտաքին քաղաքականությունն է, ինչի շնորհիվ պետք է ձգտենք միջազգային մեկուսացումը վերացնել նաև տնտեսական առումով»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձն ամբողջությամբ այստեղ