Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch
Հեղինակավոր Human Rights Watch-ը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ` նշելով, որ այդ հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է: Կազմակերպությունը հիշեցնում է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը մեկ օրում Ղազանչեցոցին երկու հարված են հասցրել:
«Մի քանի ժամվա ընթացքում երկու առանձին հարձակումները ենթադրելու առիթ են տալիս, որ եկեղեցու վրա հարձակումը եղել է կանխամտածված, չնայած նրան, որ առկա չեն բավարար ապացույցներ: Human Rights Watch-ի կողմից հավաքված զենքի մնացորդները ապացույց են նրա, որ օգտագործվել են կառավարվող զինատեսակներ»,- նշված է հոդվածում:
HRW-ին հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը BBC-ին տված հարցազրույցում նշել է, թե եկեղեցու վրա հարձակումները կարող են լինել միայն պատահականության արդյունք:
Հոդվածագիրը հիշեցրել է, որ եկեղեցու հրթիռակոծման արդյունքում վիրավորում են ստացել նաև տեղանքում այդ պահին աշխատանքներ իրականացրած լրագրողները:
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: