14 / Ապրիլ / 2020 : 13-56

Բուժաշխատողների և բուժհաստատությունների տնօրենների բաց նամակը՝ պարետին ու Արսեն Թորոսյանին

 

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի՛ գործընկերներ,

բոլոր բուժաշխատողներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մեր հրապարակային առաջարկին ի պատասխան՝ մեզ են դիմել բազմաթիվ բուժաշխատողներ և բուժհաստատությունների տնօրեններ, որոնց պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտություն է առաջացել ստանալու հետևյալ հարցադրման պատասխանը․

Պայմանավորված համավարակի պայմաններում կորոնավիրուսով վարակված հիվանդներին, ինչպես նաև մեկուսացման վայրերում գտնվող անձանց բժշկական օգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ՝ տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ, որպես կամավոր, միացել են համավարակի դեմ պայքարին՝ շարունակելով իրենց աշխատանքը հիվանդների և մեկուսացվածների պահման վայրերում։ Դրան զուգահեռ, վերջիններս պահպանել են իրենց աշխատանքը հիմնական աշխատավայրում։ Միևնույն ժամանակ, սկսած սույն թվականի ապրիլ ամսից որպես կամավոր ներգրավված բուժաշխատողները ստանում են լրացուցիչ վարձատրություն՝ վարակակիրներին և մեկուսացվածներին բուժօգնություն տրամադրելու համար։ Սակայն հիմնական աշխատավայրում նրանց աշխատանքային պարտականությունների կատարումը դրվել է հիմնականում այլ բուժաշխատողների վրա։

Փաստորեն, որպես կամավոր ներգրավված բուժաշխատողները պահպանել են իրենց աշխատատեղը և աշխատավարձը հիմնական աշխատավայրում և բացի այդ էլ ստանում են լրացուցիչ վարձատրություն, իսկ հիմնական աշխատավայրում վերջիններիս փոխարինող բուժաշխատողներին իրենց կատարած աշխատանքի դիմաց վարձատրելու լրացուցիչ միջոցներ բուժհիմնարկները չունեն։

Բացի այդ, անհրաժեշտ է պարզաբանել նաև, թե աշխատողների բացակայության մասով ինչ մոտեցում պետք է որդեգրել և ինչ հիմնավորումներով, որովհետև, եթե այն դիտարկել որպես գործուղում, ապա ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով պարտավորված կլինեն վճարել նաև դրա դիմաց, ինչի ցանկությունը ունեն, բայց, ցավոք, ֆինանսական միջոցներ չունեն և դա ինքնին չի բխի կատարված աշխատանքի դիմաց աշխատավարձ վճարելու տրամաբանությունից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք պարզաբանել, թե արդյոք ստեղծված իրավիճակում բուժհաստատությունները պարտավոր են շարունակել վճարել այն աշխատակիցների աշխատավարձները, ովքեր կամավոր աշխատանքներ կատարելու համար տեղափոխվել են այլ հիմնարկներ և չեն կարողանում ներկայանալ իրենց հիմնական աշխատավայր, թե ոչ, եթե այո, ապա ինչ չափով, և դրան փոխկապակցված ինչ կարգով պետք է իրականացվի վերջիններիս փոխարինող բուժաշխատողների վարձատրությունը։

Միաժամանակ անհրաժեշտ է պարզաբանել, թե արդյոք նրանց՝ հիմնական աշխատավայր չներկայանալու դեպքում, բացակայությունը պետք է կարգավորել գործուղման տրամաբանության ներքո և վճարել դրա դիմաց, թե ոչ, եթե ոչ, ապա ինչ կարգավորում պետք է կիրառել այս դեպքում՝ կարգավորելու նրանց բացակայությունը, իսկ եթե այո, ապա արդյոք պետք է ամբողջությամբ վճարվեն, թե ոչ։

Նշված հարցադրման հրատապությամբ պայմանավորված՝ դիմում ենք Ձեզ բաց նամակի տեսքով և ակնկալում հնարավոր շուտափույթ պատասխան։

Tigran Avinyan / Տիգրան Ավինյան
Zara Batoyan, Հակոբ Ավագյան, Arsen Torosyan

Փաստաբան Հարություն Հարությունյան

Դիտվել է 7241անգամ
Վերջին լուրեր