Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Դեկտեմբեր / 2020 : 11-39

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 19 զոհվածի մարմին

Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի եւ լեռնաանտառային գոտու, Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց եւ Սզնեք համայնքների,  ինչպես նաեւ հարավային թեւի՝ Ջաբրայիլի եւ Իշխանաձորի ուղղությամբ որոնողական աշխատանքների ընթացքում նախօրեին հայտնաբերվել է եւս 19 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։ Այդ աշխատանքներին մասնակցում են անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորները»,- հավելեց Թադեւոսյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1039 զոհված զինծառայողի մարմին:

Հիշեցնենք նաեւ, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով նախօրեին գտնվել են ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ։ Նրանք բուժզննման կարիք ունեն եւ առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ։

Դիտվել է 89479անգամ
Վերջին լուրեր