Արձակուրդից Արցախ վերադարձող զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր. ՀՀ ՊՆ

Արձակուրդից զինծառայողների՝ Արցախ վերադարձի ժամանակ որևէ խնդիր չի առաջացել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, բոլորը նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայրեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ավելի վաղ «Տելեգրամ»-ի ալիքներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի տեղաշարժը և թե ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 3 ավտոբուս կանգնած է Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլատրում Լաչինով առաջ շարժվել՝ իրականացնելու հերթափոխ: «Արմենպրես»-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց ՊՆ-ից:
«Արձակուրդից վերադարձող բոլոր զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր: Որևէ խնդիր, որևէ միջադեպ տեղի չի ունեցել»,-հայտնեցին ՊՆ-ից:
Նախարարությունից նաև նշեցին՝ քանի որ Գորիսի ճանապարհը առավոտից մի քանի ժամ փակ է եղել, դրա համար որոշակի խնդիրներ են առաջացել ՝ մութ ժամին տեղաշարժվելու հետ կապված: Ճանապարհը փակելը ժամային առումով հետաձգել է ավտոբուսների հասելը ՊԲ: Բայց մեծ հաշվով որևէ միջադեպ չի եղել: Բոլոր զինծառայողները նորմալ հասել են տեղ, հիմա իրենց մշտական տեղակայման վայրերում են: