23 / Դեկտեմբեր / 2020 : 13-45

Զոհվել է նվազագույնը 60 քաղաքացիական անձ. 40 մարդ անհետ կորած է․ Արցախի ՄԻՊ

Սեպտեմբերի 27 - նոյեմբերի 9-ը Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է նվազագույնը 60 քաղաքացիական անձ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արտակ Բեգլարյանը, որն այսօր հեռանում է Արցախի օմբուդսմենի պաշտոնից:

Զեկույց է պատրաստվել զոհված քաղաքացիական անձանց վերաբերյալ, այսօր նախատեսվում է այն հրապարակել: Դրա մեջ նշված կլինեն անուններ եւ զոհվելու որոշ հանգամանքներ: Բեգլարյանի խոսքով՝ 39 մարդ զոհվել է մարտական գործողությունների հետեւանքով, այսինքն՝ զոհվել են հրթիռների, արկերի, ռումբերի ուղիղ հարվածի հետեւանքով: Մնացյալի մասին հայտնի է, որ սպանվել են գերության մեջ կամ օկուպացված տարածքներում: Մեծ մասի մարմինները հայտնաբերվել են: Կան նաեւ այլ տվյալներ, որոնք ստուգվում են: Բեգլարյանը շեշտեց քաղաքացիական զոհերին կարգավիճակ տալու անհրաժեշտությունը, որ ընտանիքի անդամները կարողանան աջակցություն, սոցիալական երաշխիքներ ստանալ:

Եվս գրեթե 40 մարդ անհետ կորած է պատերազմի ժամանակ կամ պատերազմից հետո: Մի քանի հոգու վերաբերյալ գերեվարման վկայություններ կան: Վիրավորվել է նվազագույնը 163 մարդ:

Դիտվել է 39750անգամ
Վերջին լուրեր