Հայաստանում հնարավոր է սկսեն կորոնավիրուսի վճարովի թեստեր անել․ Թորոսյան

Այս պահին քաղաքացին չի կարող իր սրտի հանգստության համար թեստավորվել, քանի որ այն արվում է ըստ ցուցումի: Թեստավորումը բարդ, ժամանակ պահաջող պրոցես է, որը պետք է արվի միայն ցուցումներով: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Սակայն մենք նախնական տեղեկություններ ունենք, որ որոշ լաբորատորիաներ կարող են սկսել վճարովի թեստեր անել: Խոսքը վերաբերում է ՊՇՌ թեստերին, ոչ թե արագ թեստերին: Հնարավոր, որ այդպիսի վճարովի հետազոտություններ ներդրվեն Հայաստանում, արվեն հոգու հանգստության համար»,-ասաց նախարարը:
Ամեն դեպքում Թորոսյանի խոսքերով, պետք է հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ, քանի որ թեստը կարող է այդ պահին բացասական պատասխան ունենա, սակայն հաջորդ օրը քաղաքացին վարակվի, ուստի այդ տրամաբանությամբ հոգու հանգստության համար պետք է ամեն օր թեստավորվել: