Անմահ հերոս Արթուր Ավետիսյան. զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Մերօրյա հերոսները». Արթուր Ավետիսյան
Արթուր Ավետիսյան… Զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը…
Արթուր Ավետիսյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է: Երկար տարիներ եղել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի բուժծառայության պետը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կամավոր մասնակիցներից է:
Արցախյան վերջին գոյամարտի հենց առաջին օրը Արթուրը «Սև հովազ» ջոկատի կազմում կամավոր մեկնեց առաջնագիծ: Հոկտեմբերի 7-ին նա իր 48-ամյակը նշեց դիրքերում՝ առաջնագծում: Ընկերոջ՝ Հրաչ Դավթյանի փոխանցմամբ՝ Արթուրն ասում էր, որ կյանքում չի մոռանա իր ծննդյան այդ օրը:
«Շատ ուրախ էր, աչքերը փայլում էին: Նույնիսկ մի քանի անգամ փչեց տորթի մոմերը», - հիշում է ընկերը: Սակայն Արթուրի ուրախությունը կարճատև էր. հոկտեմբերի 15-ին նա զոհվեց թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից:
Արթուրը 2 դուստր ունի. մեծ աղջիկը՝ 15-ամյա Ալլան, ապագա բժշկուհի է, հայրենասեր հոր օրինակով կյանքեր պիտի փրկի, իսկ փոքրիկը՝ 7-ամյա Սոֆին, այլևս չի հարցնում, թե երբ է հայրիկը տուն գալու. նա այս հարցի պատասխանն արդեն գիտի…
Կինը՝ Արփինե Ավետիսյանը, պատմում է, որ Արթուրը վայելում էր բոլորի հարգանքը: «Բոլոր իրեն ճանաչողները կարող են դա փաստել: Արթուրը շատ նվիրված էր իր աշխատանքին: Եթե զինվորներից մեկը ջերմություն էր ունենում, ամբողջ ընտանիքով անհանգիստ էինք լինում. շատ էր սիրում իր զինվորներին», - նշում է Արփինեն:
Դուստրերի մեջ դեռ փոքրուց Արթուրը սերմանում էր հայրենասիրություն: «Մեծ աղջիկս անգամ զորամաս էր գնացել հայրիկի հետ՝ բուժկետի զորքի Ամանորը շնորհավորելու: Հիմա Ալլան ասում է. «Շատ լավ բժիշկ պետք է դառնամ, որ հայրիկիս անունը բարձր պահեմ», - ավելացնում է կինը:
Ծառայակից ընկերը՝ ենթասպա Արմեն Ասլանյանը, պատմում է. «Տասը տարի միասին ենք ծառայել: Արթուրը լավ մարդ էր ու լավ բժիշկ: Հեշտությամբ ախտորոշում էր ցանկացած հիվանդություն և արագորեն բուժում նշանակում»: Արթուրի շփման շրջանակն, ընկերոջ խոսքով, շատ մեծ էր, և բոլորի կողմից նրա մարդ տեսակը գնահատված էր:
Մյուս ընկերը՝ 30-ամյա Հրաչ Դավթյանը, որն Արմավիրի դպրոցում ֆիզիկական կուլտուրա է դասավանդում, նշում է, որ Արթուրն իր համար ավագ եղբայր էր: «Ինձ միշտ զերծ էր պահում վտանգավոր քայլերից: Հոկտեմբերի 5-ին, երբ միասին ռազմաճակատում էինք, ինձ շնորհավորեց Ուսուցչի օրվա առթիվ: Շատ նրբանկատ էր, հավատարիմ, ամեն ինչ հիշում էր, միշտ լավատես էր ու երբեք չէր տրտնջում», - ավելացնում է ընկերը:
Անմահ հերոս Արթուր Ավետիսյան… Խոնարհվում ենք…»: