90 օր ողջ մնացած զինվորը զոհվել է Հադրութի Տող գյուղում. Պռոշյանը սգում է 18–ամյա Ալբերտի մահը
Օրեր առաջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել դեկտեմբերի 27–ին Հադրութի շրջանի Տող գյուղում սպանված 6 հայ զինծառայողների դիերը։ Զոհված զինծառայողների թվում էր Պռոշյան գյուղի բնակիչ, 18–ամյա շարքային Ալբերտ Ստեփանյանը։ Վերջինս ծառայում էր Ջրականի (Ջաբրայիլի) զորամասում եւ նահանջի ժամանակ զինակիցների հետ պատսպարվել էր Հադրութում։
Ալբերտի հարազատները NEWS.am–ին հայտնեցին, որ զինվորի հայրը՝ Գագիկ Ստեփանյանը, նույնպես մասնակցել է պատերազմական գործողություններին, իսկ նոյեմբերի 9–ի համաձայնագրի կնքումից հետո Արցախում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փնտրել է իր որդուն։
Ալբերտը վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերին, հայտնել, որ Հադրութում է։ Շուրջ մեկուկես ամիս Ալբերտի հայրը փրկարարների եւ անհետ կորածների ծնողների հետ որոնողական աշխատանքներ է իրականացրել թշնամու վերահսկողության տակ անցած այն տարածքներում, որոնց վերաբերյալ ռուս խաղաղապահների եւ ադրբեջանական կողմի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել։ Հատկանշական է, որ դեկտեմբերի 27–ի միջադեպից հետո ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությանը որոնողական ու փրկարարական աշխատանքներ կատարել Հադրութի մի շարք գյուղերում, այդ թվում՝ Տող գյուղում։
Հարազատների խոսքով՝ թշնամին 90 օր ողջ մնացած տղաներին գերեվարել է, կտտանքների ենթարկել, ապա սպանել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր էին տարածել՝ 6 հայ զինծառայողների դաժան սպանության մասին։
Ըստ տեսանյութերի` նկարահանումը կատարվել է դեկտեմբերի 27-ին, որտեղ ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը դիվերսանտների կողմից սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։ Դեկտեմբերի 30–ին Արցախի ՊԲ–ն, անդրադառնալով հրապարակված կադրերին, հայտարարեց, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, եւ հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը:
Նշենք, որ Ալբերտ Ստեփանյանը ընտանիքի միակ արու զավակն էր, բանակ էր զորակոչվել դպրոցն ավարտելուց հետո։ Ալբերտը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 6–ին Պռոշյան գյուղում։ Հավելենք, որ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված տղաներից 20–ը Պռոշյան գյուղից են։