10 / Հունվար / 2021 : 19-41

Կորոնավիրուսի նոր շտամը 56%-ով ավելի վարակելի է, քան նախորդը․ եթե դա հասնի Հայաստան, ապա նոր ալիք կսկսվի. բժիշկ
 

Ցանկացած համաճարակ ունի երեք ալիք, որը նշում են նաև միջազգային համաճարակաբանները: Երկրորդ ալիքը առաջինից ուժեղ է լինում, իսկ երրորդն՝ ավելի թույլ առաջինից: Առաջին ալիքի ժամանակ Հայաստանում գրանցվեց օրական մինչև 800 դեպք, երկրորդ ալիքի ժամանակ օրական ավելացող 2000-2500 դեպք, բնականաբար՝ երրորդ ալիքի ժամանակ թվերն ավելի քիչ կլինեն. Tert.am -ի հետ զրույցում ասաց բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը:

«Միշտ ասել եմ, որ երրորդ ալիք է լինելու և կարծում եմ, որ գարնանը մենք նորից թվերի բարձրացում ենք ունենալու, երրորդ ալիքից հետո համաճարակաբանական կանոնների համաձայն՝ վարակը գնում է դեպի անկում և մենք ամռանը կունենանք հազվադեպ դեպքեր: Արդեն Անգլիայում կան նոր կորոնավիրուսի դեպքեր, այն 56 տոկոսով ավելի վարակելի է, քան թե նախորդը և եթե դա հասնի Հայաստան, նոր ալիք կսկսվի։ Եթե այժմ ունենք սակավ  դեպքեր, բայց հաստատված կրկնավարակ, այս դեպքում ՝ կունենանք նոր շտամով կրկնավարակի ավելի շատ դեպքեր: Եվ քանի դեռ կա կրկնավարակի հավանականությունը, ես կարծում եմ, որ վեց ամսով կարանտինի երկարաձգումը ճիշտ է»,- նշեց նա:

Անդրադառնալով հակահամաճարակաբանական կանոններին՝ Լամարա Մանուկյանը նշեց, որ թեև կարանտինը ևս վեց ամսով կերկարաձգվի, սակայն վերահսկողությունը շատ թուլացել է: Նրա համոզմամբ՝ հակահամաճարակային կանոնները պետք է խիստ պահպանվեն, քանի որ բոլոր տեսակի զանգվածային հավաքույթները նպաստում են վարակի տարածմանը:

«Ես համոզված եմ, որ դրսում՝ հատկապես ցուրտ եղանակին, պետք չէ դիմակ կրել: Իմ կարծիքով ճիշտ չէ, որ դասապրոցեսներն ընդհատված են, պետք է դասերը վերականգնել, և դասապրոցեսի ընթացքում, եթե մեկուկես մետր հեռավորությունը պահպանված է, երեխաները կարող են դիմակ չկրել: Մենք արդեն ունենք մոտ 50 տոկոսից ավել վարակվածներ, 70 տոկոսից ավել վարակվելիություն ունենալուց հետո արդեն ձևավորվում է պատնեշային իմունիտետ, այսինքն՝ արդեն զանգվածային իմունիտետ է ձևավորվում և վիրուսը նահանջում է, որը շատ կարևոր փաստ է»,- նշեց բժիշկ- թերապևտը:

Խոսելով արտերկրում գրանցված կորոնավիրուսի նոր տեսակի մասին՝ Մանուկյանը տեղեկացրեց, որ վարակը Անգլիայում մուտացիայի է ենթարկվել, ինչի հետևանքով նոր շտամ է ձևավորվել, որը շատ վտանգավոր է, քանի որ վարակելիությունը 56 տոկոս է, տվյալներ կան նույնիսկ, որ 70 տոկոսով ավելի վարակելի է, քան նախորդ տեսակը, սակայն տվյալներ չկան, որ այդ տեսակը ավելի ծանր է ընթանում և մահացածությունն ավելի բարձր է։

«Ես կարծում եմ, որ այդ «մուտացված» տեսակը կհասնի Հայաստան, քանի որ արագ է տարածվում  և ենթադրում եմ, որ այն կլինի գարնանը, սակայն կրթական հաստատությունները, սպասարկման ոլորտները պետք է գործեն, որովհետև մենք պետք է հասնենք 70 տոկոս և ավել բնակչության վարակվելիությանը, որպեսզի ձևավորվի պատնեշային և զանգվածային իմունիտետ: Սակայն շատ կարևոր է, որ մարդիկ արագ հայտնաբերեն վարակը, ինձ դիմող հիվանդներից շատերը, որոնք բուժվել են տնային պայմաններում, բոլորը սկզբում կարծում են, որ ուղղակի մրսած են: Շատ կան կրկնավարակի դեպքեր, շատ կան դեպքեր, քովիդը ձգձգվում է։ Ես հիվանդներ եմ ունեցել, որ հիվանդությունը ձգվել է երեք, վեց ամիս: Այսինքն՝ հիվանդության ընթացքում երեք անգամ թոքաբորբ է տարել, հանգել է թոքաբորբը, հետո նորից թարմացել է, որը կորոնավիրուսի բարդությունն է»,– ասաց նա:

Անդրադառնալով եղանակային պայմաններին՝ բժիշկը նշեց, որ գարնանը վարակի համար բարենպաստ է, քանի որ 35 աստիճան տաքության դեպքում վարակն ապրում է մինչև չորս օր, իսկ արդեն 0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ շատ արագ մահանում է: Նրա խոսքով՝ գարնանը, երբ ավելանում են վիրուսային, վերին շնչուղիների հիվանդությունները, մարդու իմունիտետը դրանց հետևանքով ընկնում է, և վարակը արագ է տարածվում:

Դիտվել է 57644անգամ
Վերջին լուրեր