11 / Հունվար / 2021 : 12-26

Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունն առաջնային կդառնա

 

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ամրագրվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու համար նրա համաձայնությունը առաջնային է: «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է համահունչ դարձնել կարգավորումները՝ «Հոգեբուժության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» օրենքներում:

«Փոփոխությունը վերաբերում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու վերաբերյալ նրա կողմից գրավոր իրազեկված համաձայնություն տալուն, եթե առկա է երեք պայման. առաջին՝ բժիշկ-հոգեբույժի կարծիքով, 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, երկրորդ՝ այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, երրորդ՝ կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը»,-ասաց Ավանեսյանը:

16 տարին չլրացած երեխաների իրազեկված համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցչի կողմից, բայց ամրագրվել է նրանց կարծիքը լսելու և ամրագրելու պարտականությունը, ինչը հնարավորություն կընձեռի նրա իրավունքների պաշտպանության ընթացքում ֆիքսել նրա կարծիքը երեխայի լավագույն շահերից ելնելով:

Դիտվել է 5567անգամ
Վերջին լուրեր