13 / Հունվար / 2021 : 13-18

«Մա՜մ, շուտ «դասավորի» բժշկական թղթերս, որ շուտ գնամ բանակ, ծառայեմ ու շուտ ետ վերադառնամ». հիշողություններ Արամ Սիմոնյանի մասին

Ճի՛շտ է, պատերազմն ավարտված է, բայց այդ արհավիրքի թողած բացասական ահռելի հետևանքները դեռ երկար ցավ կպատճառեն հայ ազգին. անմահացավ մի ամբողջ լուսավոր սերունդ: Այսուհետ ապրելու ենք մեր  նահատակված հերոսների հիշատակը վառ պահելը սկզբունք դարձրած, նրանց հերոսությունների մասին մեր ներկա և ապագա սերունդներին հուշեր փոխանցելու պարտքի զգացումով:

Yelaket.am-ի (Ելակետ լրատվական) անդրադարձը պատերազմի ընթացքում նահատակված հերոսներից մեկին՝ Արամ Սիմոնյանին

Նոր էր բոլորել 18 տարին: Անցել էր 1,5 ամիս ինչ մեկնել էր զինվորական ծառայության, երբ ոխերիմ թշնամին սանձազերծեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ը դարձավ ճակատագրական՝ ավա՜ղ հավետ անիրականանալի թողնելով պատանու նվիրական բազում երազանքներ, որոնց տոչորանքով ապրում էր նա:

«Շատ ծնողասեր ու մարդկային էր,  երբևիցե ոչ մեկին նեղություն չէր տալիս»,- ահա այսպես է բնութագրում մեր քաջ հերոսին ընտանիքի մտերիմը՝ Գոհար Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բառեր չի գտնում նկարագրելու պատանուն, ով մշտապես թև ու թիկունք էր ընտանիքի անդամների  համար:

«Մա՜մ, շուտ «դասավորի» բժշկական թղթերս, որ շուտ գնամ բանակ, ծառայեմ ու շուտ ետ վերադառնամ»,- հիշում է Գոհարը Արամի խոսքերը՝ ավելացնելով, որ բազում երազանքներ ուներ, որոնք պլանավորել էր իրականացնել ծառայությունից վերադառնալուց հետո:

Արամի ամենամեծ երազանքը սեփական օջախ ունենալն էր, կատարել մոր վաղեմի երազանքը՝ տուն գնել, ընտանիք կազմել ընտրյալի հետ, ում հետ արդեն հասցրել էր ապագայի հետ կապված ծրագրեր մշակել:

Գոհարի խոսքերով՝ լավատես էր, միշտ հույս էր տալիս մորը՝ ասելով, որ ամեն-ինչ լավ է լինելու:

«Ուզում էր, որ այլևս չաշխատեմ, քանի որ աշխատանքից երբ տուն էի վերադառնում, մտահոգվում էր նկատելով հոգնածությունս: Իսկ բանակ գնալուց առաջ հույս էր տվել, թե մի փոքր էլ համբերի. հետ վերադառնամ` ամեն-ինչ լավ կլինի»,-պատմում է մայրը՝ Նելլի Ավետիսյանը, ում խոսքերով՝ որդին երբևիցե ոչնչից չի տրտնջացել, գոհ էր նաև ծառայությունից, միակ մտահոգությունը՝ տնեցիների որպիսությունն էր:

«Ես ուզում եմ, որ ո՛չ մի մայր չտանջվի ինձ նման: Այսօր էլ ուրախանում եմ բոլորի վերադարձով և հավատում, որ մի օր իմ որդին նույնպես կվերադառնա»,- անկեղծանում է Նելլին, ով այդպես էլ չհամակերպվելով իրականության հետ, երազում է որդուն կրկին տեսնելու ու ամուր գրկելու մասին:

Author's cover photo
Ամսաթիվ 13 / Հունվար / 2021 : 13-18
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 114210անգամ
Վերջին լուրեր