15 / Ապրիլ / 2020 : 17-21

Մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում /տեսանյութ/

Հայաստանի շուրջ 200 քաղաքացիներ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ գիշերում  են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տրամադրած հյուրատներում։ Նրանց չի հաջողվում հայրենիք վերադառնալ դեպի Հայաստան չվերթների չեղարկման պատճառով։

Դժվարությունների ու մտահոգությունների մասին «Դոմոդեդովո» օդանավակայանից տեսակապի միջոցով SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել Անդրանիկ Առաքելյանը։

«Մի ինքնաթիռով բոլորս կարող ենք վերադառնալ մեր տներ։ Մոսկվան բոլոր կողմերից փակ է՝ ո՛չ մենք կարող ենք դուրս գնալ, ո՛չ մեզ մոտ կարող է մարդ գալ։ Աշխատանքները բոլոր տեղերում կանգնեցրել են, ասում են՝ գնացեք ձեր հայրենիք։ Օդանավակայանում սպասողները մոտ 120-ն են, դրան էլ, եթե գումարենք դեսպանատան հյուրատներում ապրողներինը, 200-ից ավելին կլինենք։ Մարդիկ 7-8 օր է, ինչ այստեղ են»,- հայտնեց Անդրանիկը։

Անդրանիկի խոսքով՝ օդանավակայանում իրենց չեն նեղացնում, թույլատրում են, որ ժամանակավորապես գտնվեն այնտեղ:

«Դեսպանատունը ոչ մի նորմալ բան չի ասում: Ասում է ես ձեզ համար կարող եմ գործ, մնալու տեղ  գտնել, բայց ի՞նչ գործ, ի՞նչ մնալու տեղ գտնի, մենք մեր մնալու, աշխատելու տեղերը թողել, եկել ենք, որ գնանք մեր երկիր։ Ռուսաստանն ասում է՝ քո երկիրը թող ինքնաթիռ ուղարկի, մենք ձեզ կճանապարհենք ձեր երկիր։ Ռուսաստանը թողել է իր օդանավակայանում մնանք, ավիատոմս էլ չունեք, բայց համաձայն ենք, մենք տոմս կկգնենք, ինչ գին էլ լինի, պատրաստ ենք վճարել։ Հնարավոր է՝ մի երկու օրից օդանավակայանից էլ դուրս հանեն մեզ, այսքան մարդ ո՞ւր գնա, այսքանս մի գերդաստան ենք»,- ասաց Անդրանիկը։

Անդրանիկ Առաքելյանը հայտնեց նաև, որ օդանավակայանում գտնվողների առողջական վիճակը լավ է, ջերմություն ունեցողներ չկան։

«Բոլորս էլ առողջ ենք, փառք Աստծո, առայժմ այդպես է, բայց եթե Աստված չանի, այսպես շարունակվեց, այլ կլինի, քանի որ այստեղ օր օրի մարդկանց հոսքը մեծանում է»,- նշեց Անդրանիկը։

 

Անդրանիկի խոսքով՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից բոլոր թռիչքները երկրի ներսում գործում են, իսկ հայրենիք վերադառնալ ցանկացողները միայն իրենք են։

SHANTNEWS.am

Դիտվել է 8631անգամ
Վերջին լուրեր